Արտակ Նազարյանի գործով դատավարությունը Տավուշի մարզից Երևան տեղափոխելու հարց ՀՀ Պաշտպանության նախարարությունում չի քննարկվում: Նման պատասխան տվեց Սեյրան Օհանյանի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ սպա Արտակ Նազարյանի գործով դատավարությունը տեղափոխվի Երևան:
«Նախորդ անգամ նախարարի միջնորդությամբ դատավարությունը Տավուշի մարզից տեղափոխվեց Երևան, բայց այս պահին այդպիսի հարց չի քննարկվում»,- ասաց Դ. Կարապետյանը: Ըստ նրա, հայտնի չէ, այդ հարցը ընդհանրապես կքննարկվի՞, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի դիրքերում անցած տարվա հուլիսի 27-ին մահացած 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով վերջին երկու դատական նիստերը պետք է տեղի ունենային Իջևանում` դատավոր Սամվել Մարդանյանի որոշմամբ: Սակայն դատական նիստերը հետաձգվել են ամբաստանյալների փաստաբանների բացակայության պատճառով:











































