Haber Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժողովում կտրուկ քննադատել է թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին, որը հայտարարել էր, թե վարչապետը ոչ թե հավատացյալ է, այլ հավատ գնող.
«Հանդիսանալով պահպանողական-ժողովրդավական կուսակցություն՝ մենք ցանկանում ենք երիտասարդությանը դաստիարակել պահպանողական ու ժողովրդավարական ոգով: Քըլըչդարօղլուն ինձ մեղադրում է կրոնական հենքի վրա երկիրը 2 մասի բաժանելու մեջ:
Ես չեմ փոխում իմ խոսքերը: Մեր նպատակը հավատացյալ սերունդ դաստիարակելն է: Եթե Քըլըչդարօղլուն այլ նպատակ ունի, ես ոչինչ չունեմ ասելու: Մի՞թե նա մեզանից ակնկալում է աթեիստների սերնդի դաստիարակում: Մենք ցանկանում ենք մեծացնել պահպանողականների սերունդ»:
Հիշեցնենք, որ 1998 թվականի փետրվարի 21-ին թուրքական դատարանը կրոնական ու ռասիստական ատելություն բորբոքելու համար Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ կետով տվյալ ժամանակ (27.03.1994-06.11.1998) Ստամբուլի քաղաքապետ Էրդողանին դատապարտել է մեկամյա բանտարկության և նշանակել 860 միլիոն (հին) թուրքական լիրա տուգանք:
Ցույցերից մեկի ժամանակ Էրդողանն արտասանել էր. «Մինարեթները մեր սվիններն են, գմբեթները՝ մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները՝ մեր զինվորները»:
Էրդողանի բողոքարկումից հետո նախ այդ պատժաչափը նվազեցվեց մինչև 10 ամսվա, իսկ տուգանքը՝ մոտ 177 միլիոնի, ապա Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1998 թվականի սեպտեմբերի 24-ին վճռեց, որ Էրդողանը բանտում պետք է անցկացնի 4 ամիս: Էրդողանը բանտից, ուր հայտնվել էր 1999 թվականի մարտի 26-ին, դուրս եկավ հուլիսի 24-ին։










































