ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բացառում է Սիրիայում լիբիական սցենարի կրկնությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Երեքշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ ԱԽ բաց նիստում` Քլինթոնը անտեղի է համարել Ռուսաստանի և Չինաստանի վախը, որ Սիրիան կարող է կրկնել Լիբիայի ճակատագիրը:
ԱՄՆ պետքարտուղարը Սիրիայի իշխանություններին մեղադրել է բռնության, էթնիկ և ազգային խմբերի միջև ընդհարումներ «նախաձեռնելու» մեջ, և կոչ է արել ՄԱԿ ԱԽ-ի աջակցել Արաբական պետությունների լիգայի նախաձեռնությանը` ուղղված ճգնաժամը հաղթահարելուն:
«Սիրիայում իրավիճակը պահանջում է առանձնահատուկ մոտեցում`ուղղված հատուկ հանգամանքերի ուսումնասիրությանը: Եվ դա այն է, ինչ առաջարկում է ԱՊԼ նախաձեռնությունը` իշխանության խաղաղ հանձնում, որը պահպանելու է միասնությունը և Սիրիայի իշխանական մարմինները»,- ասել է Քլինթոնը:
Նրա խոսքերով՝ սխալ կլիներ չգնահատել Սիրիայի` քաղաքացիական հասարակություն կառուցելու հնարավորութունները, որն ազատ կլինի բռնապետությունից:
«Հարցը միայն այն է, թե ինչքան անմեղ մարդ է դեռ մահանալու՝ նախքան երկիրը կմոտենա ապագային, որին նա արժանի է»,- ասել է նա: