«Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի ցուցահանդեսին կներկայացվեն հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողների համագործակցության արդյունքում ծնված աշխատանքները:
Բացումը տեղի կունենա փետրվարի 1-ին` ժամը 16.00-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում:
Բրիտանական խորհրդի «Նորաձևության ճանապարհ» ծրագրի երկամյա ուղին անցած նկարիչ-մոդելավորողների 20 աշխատանքից բաղկացած նորարար հավաքածուն առաջինը կցուցադրվի Հայաստանում, այնուհետև` մասնակից եվրոպական երկրներում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը: «Նորաձևության ճանապարհ» ծրագիրը, նրա խոսքով` համախմբել է հինգ հայ և հինգ եվրոպացի նկարիչ-մոդելավորողների: Զույգերը հետևյալն են`Արամ Նիկոլյան-Անդրա Քլիցա (Ռումինիա), Լուսինե Կոստանյան-Ջիանին Պոլազո (Միացյալ Թագավորություն), Քրիստինե Ավետիսյան-Պավել Իվանչիչ (Չեխիա), Անի Իսկանդարյան-Իդա Գրո (Դանիա), Գայանե Սողոմոնյան-Մելանի Ֆրեյեր (Գերմանիա):
Վերջինիս խոսքով` եվրոպացի դիզայներները, այցելելով Հայաստան, տասնօրյա շրջագայության ընթացքում ծանոթացել են Հայաստանի մշակույթին, պատմությանը և ավանդույթներին, որից հետո արդեն հայ մասնակիցներն այցելել են գործընկերների երկրներ և ոգեշնչված միմյանց երկրների մշակույթով` համատեղ պատրաստել են հավաքածուն: Հիմնական թեմա է ընտրվել ազգային ինքնությունը, սակայն հավաքածուների ստեղծմանը զուգահեռ մասնակիցներն անդրադարձել են նաև իրենց այցելած երկրների մշակութային ժառանգությանը և ավանդություններին:
Իրենց հավաքածուն ստեղծելիս նկարիչ-մոդելավորողները վերցրել են տարրեր եկեղեցական հագուստներից և զարդարանքներից, փոխադրել են կրոնական ճարտարապետության հրաշագեղ ձևերը և վերագունավորել են իրենց երկինքը:
Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի փետրվարի 2-19-ը: Այնուհետև հավաքածուն կներկայացվի Հայաստանի երեք մարզերում` Շիրակ, Լոռի և Սյունիք:
Ծրագրի շրջանակում փետրվարի 2-ին վարպետության դասընթաց կանցկացնեն մասնակից նկարիչ-մոդելավորողները:
Ծրագիրը ֆինանսավորել են Եվրամիությունը` մշակույթի հիմնադրամի միջոցով և Եվրոպական մշակութային հիմնադրամը: Այն իրականացվել է EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հինգ անդամ կազմակերպությունների` Բրիտանական խորհրդի, Գյոթեի ինստիտուտի, Ռումինական մշակութային ինստիտուտի, Դանիական մշակութային ինստիտուտի և Չեխական կենտրոնների սերտ համագործակցությամբ:
«Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում»-ը EUNIC անդամ կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվող առաջին ծրագիրն է Հայաստանում:











































