«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) Կովկասյան ծրագրերի տնօրեն Լոուրենս Շիթսը:
– Պարոն Շիթս, Սոչիում հունվարի 23-ին կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն ընդունվեց, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը: Ձեր կարծիքով` ո՞ր փուլում է գտնվում ղարաբաղյան կարգավորման գործընթացը, Հիմնարար սկզբունքների համաձայնեցման հնարավորություն տեսնո՞ւմ եք:
– Իհարկե, շատ դրական է, որ նախագահները նստում են բանակցությունների սեղանի շուրջ, և որ հայտարարություն են ստորագրել, բայց եթե դիտարկենք այն` որևէ նոր բան չկա: Լավ է, որ կողմերը հանդես են եկել միմյանց միջև հումանիտար շփումների զարգացման օգտին, սա շատ կարևոր է, առավել ևս, եթե Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների և այլ շփումներին է վերաբերում: Հատկանշական է, որ դրա մասին նախագահներն են խոսել, թեև նման շփումներ պետք է ընդհանրապես գոյություն ունենային: Սակայն որևէ առաջընթաց չի կարելի ասել, որ գոյություն ունի, կամ որ կա ձեռքբերում, Հիմնարար սկզբունքների համաձայնեցում, եթե իհարկե, ինչ-որ բան գաղտնի չի պահվում: Ընդհանուր առմամբ պահպանվում է ռազմական բնույթի հռետորաբանությունը երկու կողմերից, առհասարակ երկու կողմերն էլ սպառազինվում են:
Մենք երբեք չենք ասել, որ պատերազմ կլինի այսինչ թվականին, բայց մի բան կարող եմ ասել հստակ` առկա է ստատուս քվոն, բայց այդ ստատուս քվոն չի կարող պահպանվել հավերժ, դա իմաստազուրկ է, քանի որ երկու կողմերի համար էլ անընդունելի է: Իսկ եթե անընդունելի է, նշանակում է կան հնարավորություններ: Չգիտեմ, թե երբ, բայց այդ հնարավորությունները կան, եթե ստատուս քվոն չի կարող պահպանվել հավերժ: Ուրեմն կողմերը պետք է փոխիջումների գնան, ստորագրեն զինադադարի վերաբերյալ փաստաթուղթ, կամ գոնե Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գան: Եթե սա էլ չարվի, ապա ի՞նչ պետք է լինի… Այսինքն` եթե ստատուս քվոն չի կարող պահպանվել, ուրեմն այլընտրանքային երկու տարբերակ կա` կա՛մ հակամարտություն, կա՛մ համաձայնագիր:
– Իսկ ի՞նչ կարելի է ակնկալել Պուտինի հովանավորությամբ վարվելիք բանակցություններից: Կարծես թե Սոչիում կազմակերպված եռակողմ հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ վերջինն է լինելու: Կարծիք կա, որ Պուտինը ավելի կոշտ կլինի, նա Մեդվեդևի համբերատարությունը չի ունենա:
– Դժվար է այժմ կանխատեսել, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ քաղաքական իրավիճակում կլինի Պուտինը սպասվող վերընտրումից հետո: Սկզբունքորեն կարելի է միայն շեշտել, որ ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը գործնականում առաջնորդի դեր էր ստանձնել ԵԱՀԿ ՄԽ-ում` ԼՂ կարգավորման հարցում: Դրա հիմքում մի քանի գործոններ էին, որոնցից մեկն էլ այն էր, որ Արևմուտքը, ԱՄՆ-ը և ՌԴ-ն 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո փորձ արեցին շփման եզրեր գտնել, սա այն հարթակն էր, որտեղ ամերիկացիները, եվրոպացիներն ու ռուսները կարող էին աշխատել մի խնդրի շուրջ: Այդ իսկ պատճառով կարգավորման գործընթացում ՌԴ-ն առաջնորդի դեր ունեցավ:
Կապրենք` կտեսնենք: Պետք է նաև նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն ունի 17 տարի, կա որոշակի ձևաչափ, բայց այդ ձևաչափը որքան ավելի երկար ժամանակ չի կարողանում փոփոխությունների հանգեցնել, այնքան հավանական է դառնում այլընտրանքային մեխանիզմներով հակամարտության կարգավորման հնարավորությունը: Առայժմ վաղ է ասել, թե ինչ միջոցներով, բայց իսկապես, եթե 17 տարի ըստ էության որևէ արդյունք չի եղել, բացառությամբ փխրուն խաղաղության, որի ընթացքում հրադադարի բազմաթիվ խախտումներ են լինում, ես կարծում եմ, որ այլընտրանքային մեխանիզմներ կգտնվեն: Ես չեմ կարող ասել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կդադարի գործել, բայց ես կարծում եմ` կլինեն այլընտրանքային այլ մեխանիզմներ, ձևաչափեր, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ռազմածավալ գործողություններով կլինի ամբողջությամբ այլ որակի և մասշտաբների պատերազմ, քան մինչև 1994-ինն էր: Այդ ժամանակ պատերազմը ընթանում էր թեթև տեսակի զինտեխնիկայով, իսկ այն, ինչ հիմա են կողմերը ձեռք բերում, այդ պայմաններում սկզբունքորեն այլ պատերազմ կլինի:
– Հունվարի 25-ին Մոսկվայում տեղի ունեցավ ռուս-թուրքական համագործակցության բարձր խորհրդի ծրագրավորման համատեղ ռազմավարական խմբի երկրորդ հանդիպումը, որի արդյունքում ստորագրվեց համատեղ հռչակագիր, որի 26-րդ կետը վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, որտեղ ասվում է. «Թուրքիան ու ՌԴ-ն հաստատել են իրենց մտադրությունը՝ սեփական պոտենցիալը հակամարտության գոտում առկա իրավիճակի վրա կայունացնող ազդեցություն թողնելու հարցում գործածելու համար»: Ձեր կարծիքով` թուրք-ֆրանսիական հարաբերությունների լարման ֆոնին ի՞նչ խաղ է սկսել ՌԴ-ն Թուրքիայի հետ:
– Հարցը, կարծում եմ, պետք է դիտարկել Թուրքիայի և Ռուսաստանի զարգացող հարաբերությունների տեսանկյունից, իսկ դրանք բավական նշանակալի հարաբերություններ են: Մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ ամեն տարի հանգստանում են Թուրքիայում, առևտրաշրջանառության թվերն են բավական ազդեցիկ այս երկրների միջև, և պարզ է, որ Թուրքիայի և ՌԴ-ի միջև շփումներն է՛լ ավելի են մեծանում:
Ես անկեղծորեն կարծում եմ, որ դա դրական պահ է, որովհետև դրանից հասկանալի է դառնում, որ երկու կողմերն էլ` Հայաստանն ու Ռուսաստանը, կորցնելու բան ունեն, որովհետև երկուսն էլ ՀԱՊԿ անդամ են, և փաստացի ՌԴ-ի դաշնակիցն են, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Այնպես որ, թե՛ Մոսկվան, թե՛ Անկարան ունեն այն գիտակցումը, որ հակամարտության բռնկումից կողմերը կտուժեն: Ուստի կարծում եմ` դրական է, որ նրանք ուշադրություն են դարձնում հակամարտությանը: Հուսանք, որ կոնկրետ քայլեր էլ կիրականացվեն այդ ուղղությամբ:







































