Эхо Кавказа-ի փոխանցմամբ՝ արտասահմանում բնակվող մի շարք ինգուշ հասարակական գործիչներ դիմել են Վրաստանի խորհրդարանին՝ խնդրելով 1944 թվականին ԽՍՀՄ-ում իրականացված ինգուշ ժողովրդի բռնագաղթը ճանաչել «ցեղասպանություն»:
Բացի այդ, նրանք վրացի խորհրդարանականներին խնդրել են տվյալ հարցն արծարծել նաև Եվրախորհրդարանում: Վրաստանի խորհրդարանին դիմած ինգուշները հիշեցրել են, որ այդ բռնագաղթից հետո էլ չեն դադարել ինգուշ ժողովրդի ողբերգական էջերը (1992 թվականին Հյուսիսային Օսիայում գրանցված միջադեպեր, չեչենական երկու պատերազմ):
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 20-ին Վրաստանի խորհրդարանը Ցարական Ռուսաստանի կողմից չերքեզների նկատմամբ իրականացրած զանգվածային սպանություններն ու բռնագաղթը միաձայն ճանաչեց ցեղասպանություն:
Դրանով Վրաստանը համարձակ քայլ կատարեց` դառնալով աշխարհի առաջին երկիրը, որը նման քայլի է գնում մոտ 150 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի առումով: Չերքեզական ենթադրյալ ցեղասպանությունն իրականացվել է 1860-ական թվականներին, երբ պատերազմում սպանվեցին հարյուր հազարավոր մարդիկ:










































