Ֆրանսիայում բռնկվել է «ռասիստական» սկանդալ` կապված Elle ամսագրում հայտնված՝ սևամորթների շրջանում նորաձևության աշխարհի վերջին նորությունների մասին հոդվածի հետ: Այս մասին գրում է Corriere della Sera թերթը:
Ամեն ինչ սկսվել է պարբերականում հայտնված հոդվածից, որում նշվում է, որ Բարաք Օբամայի ընտանիքը նպաստել է ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների ոճի փոփոխմանը: Հոդվածի հեղինակ Նատալի Դոլիվոն նշում է, որ նրանց այս տեսքը քիչ է կապված հիպ-հոպի և փողոցային նորաձևության հետ, և նրանք աստիճանաբար մոտենում են «սպիտակ» բուրժուազիայի էլեգանտ ոճին:
Օրինակի համար Դոլիվոն բերել է հայտնի ամերիկացի երգչուհի Ռիհանային` նշելով, որ սևամորթ աստղերը ավելի հաճախ են հրաժարվում բարձրակրունկ սաբոներից և ոսկե շղթաներից` սկսելով նախապատվությունը տալ ժանյակներին և վերնաշապիկներին:
Այս հոդվածի տպագրումից անմիջապես հետո բռնկվեց սկանդալը: Ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Թորանիանը սկզբում պաշտպանել է իր աշխատակցին, սակայն երբ բարկությամբ լի մեկնաբանությունների թիվը անցել է հազարից, հանձնվել է և խմբագրական հոդված գրել` ներողություն խնդրելով:
Հոդվածի «մեղավորը» երդվում է, որ չի ցանկացել նեղացնել որևէ մեկին, այլ միայն փորձել է ընդգծել, որ այսօր ամերիկյան սև հասարակությունը իրեն ավելի վստահ է զգում և այդ պատճառով պատրաստ է տարբեր ոճերով հագնվել:
Սակայն սպասվում է, որ այս ամենը միայն ներողությամբ չի ավարտվի: Ֆրանսիայի սևամորթների ասոցիացիաների միությունը պատրաստվում է ամսագրի դեմ դատական հայց ներկայացնել:











































