«Մուսուլման եղբայրներ» խմբավորման քաղաքական ճյուղ հանդիսացող «Անկախություն և ազատություն» կուսակցությունը դեմ է իշխանության հանձնմանը խորհրդարանի խոսնակին: Այս մասին հայտարարել է կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Հուսեյն Իբրահիմը:
«Մուսուլման եղբայրներ»-ը նախընտրելի է համարում զինված ուժերի բարձրագույն խորհրդի կողմից առաջարկված՝ իշխանության փոխանցման գրաֆիկը:
«Անհրաժեշտ է հետևել ժողովրդի կողմից հաստատված «ճանապարհային քարտեզին»,- ասել է Իբրահիմն՝ «Ալ-Ահրամ» թերթին տված հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Ազգային ժողովի ընտրություններից հետո ընտրություններ պետք է անցկացվեն Կոնսուլտատիվ խորհրդում, այնուհետև պլանավորվում է հանձնաժողովի ձևավորում՝ նոր սահմանադրության համաձայն: «Վերջին փուլը նախագահական ընտրություններն են»,- հավելել է նա:
Զինվորական խորհրդի գրաֆիկի համաձայն՝ Եգիպտոսի նախագահների թեկնածուների գրանցումը սկսվելու է ապրիլի 15-ից: Ընտրությունների օրը դեռևս նշանակված չէ:
«Անկախություն և ազատություն» կուսակցության երիտասարդ անդամները կարծում են, որ զինվորականները երկարացնում են անցումային շրջանը և պահանջում են իշխանությունը հանձնել խորհրդարանին:











































