Բանակում խնդրահարույց վիճակի լուծումը ՀՀ ՊՆ և հասարակական կազմակերպությունների համագործակցության մեջ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային լեգեոն» երիտասարդական կամավոր ջոկատի անդամ, «Ակոս» մշակութային ՀԿ նախագահ Մկրտիչ Տոնոյանը:
Ըստ նրա` բանակը մի օրգանիզմ է, որը հավերժ փոփոխության է ենթարկվում, այդ պատճառով միանշանակ չենք կարող ասել՝ մենք մեր երազած բանակն ունե՞նք, թե՞ ոչ:
«Ես ուզում եմ մեր բանակի հանդեպ վերաբերմունքը փոխենք: Դա մի տեղ է, որտեղ կա գերատեսչական գերակայություն: Եթե զորակոչված տղային պետք է բացատրել, որ հարկավոր է հայրենիքը սիրել, ուրեմն մենք լուրջ մտածելու տեղ ունենք: Կա դաստիարակության և կրթության խնդիր: Հայաստանի ՊՆ-ն պետք է համագործակցի հասարակական կազմակերպությունների հետ այս հարցում»,- նշեց Տոնոյանը: Ըստ նրա, դաստիարակության համար պետք է պատասխան տանք բոլորս:
Ըստ բանախոսի, «Ազգային լեգենդ» ջոկատն ինքնատիպ է եղել, այն կազմավորվել է երիտասարդներից, որոնց չեն կարողացել ուրիշ ջոկատներում ընդգրկել` տարիքի պատճառով: «Մենք ստեղծեցինք մեր ջոկատը՝ «Ազգային լեգենդ»: Քանի որ մեր պահանջներն ավելին էին, քան մենք կայինք: Ջոկատն ուներ կառուցվածք. միանգամից ջոկատի անդամ չէինք դառնում, պետք է համապատասխանեինք ջոկատի պահանջներին և նոր դառնայինք անդամ: Այս հարցում մեզ օգնել են Վետերանների խորհրդի անդամներից և մեր հիմնական հրահանգիչը`Լյովա Գևորգյանը»,- ասաց Տոնոյանը: Ըստ նրա, ջոկատի բուն կազմը տասութ հոգի է եղել, որը հետագայում հասել է 250-ի:








































