Վիեննայի փողոցներում ուրբաթ հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել՝ կապված ծայրահեղ աջերի ներկայացուցիչների՝ մայրաքաղաք ժամանելու հետ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, նրանց թվում է նաև ֆրանսիացի ազգայնական Ժան-Մարի Լե Պենը:
Ցուցարարները Հոլոքոսթի զոհերի հիշատակի պաստառները ձեռքներին վանկարկել են. «Նացիստնե՛ր, հեռացե՛ք»:
Լե Պենը երկար ժամանակ եղել է «Ազգայնական ճակատի» առաջնորդը և անգամ նախավերջին նախագահական ընտրություններում անցել է հաջորդ փուլ, բայց զիջել է Ժակ Շիրակին: Այժմ այդ կուսակցությունը գլխավորում է նրա դուստրը՝ Մարին Լե Պենը:
Աջերի առաջնորդների հավաքը Վիեննայի Հոֆբուրգ պալատում ավանդաբար համարվում է Ավստրիայի մայրաքաղաքում անցկացվող պարահանդեսային սեզոնի մի մասը: Այս տարի միջոցառման նկատմամբ հատուկ ուշադրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն համընկել է Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրվան, որ նշվում է հունվարի 27-ին:










































