«Ֆրանսիայում Սենատի որոշումը, իհարկե, բխում է ՀՀ-ի շահերից, սակայն կարծում եմ, որ ավելի շատ այս քայլը պայմանավորված է Ֆրանսիայի ազգային շահերով»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա՝ պատճառը նախ և առաջ Ֆրանսիայում նախընտրական վիճակն է և հետևաբար 500 հազար հայ ընտրողների ձայները:
Վերջին շրջանում թուրքերը սկսել են ակտիվորեն ներգաղթել Ֆրանսիա, և այս քայլի միջոցով Ֆրանսիան փորձում է խոչընդոտել թուրքերի ներգաղթին. «Ֆրանսիան, օգտագործելով հայ ժողովրդին, Ցեղասպանության հարցով փորձում է կարգի հրավիրել Թուրքիային»:
Շաքարյանի խոսքերով՝ Սենատում Ցեղասպանության քրեականացման դեմ քվեարկողները իրականում դեմ են քվեարկել ոչ թե Հայոց Ցեղասպանությանը, այլ Նիկոլա Սարկոզիին: Բանախոսը հավելեց, որ մոտ ժամանակներս Ֆրանսիայի օրինակին կհետևեն Բելգիան և Հոլանդիան:








































