Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին:
ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր պաշտոնավարման ընթացքում իր ողջ ներուժը կօգտագործի երկու երկրների հարաբերությունները բոլոր մակարդակներով զարգացնելու համար:
Քուվեյթի դեսպանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը` այդ համատեքստում ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջև կապերի զարգացումը և Քուվեյթում փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Քուվեյթ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի կազմավորումը:
Երկուստեք կարևորվել է տնտեսական հարաբերությունների զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է բոլոր պայմաններն ապահովել քուվեյթյան ներդրումների համար:
Զրուցակիցները բարձր են գնահատել Քուվեյթի հայ համայնքի դերը` համայնքը դիտարկելով ոչ միայն որպես երկու երկրների միջև կամուրջ, այլև տնտեսական կապերի աշխուժացման գրավական:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրների: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:








































