ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ և զեկուցող Վալերի Բուայեին:
Ստորև ներկայացնենք նամակն ամբողջությամբ.
«Հարգելի տիկին Բուայե,
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի, ապա Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ ցանկանում եմ հայտնել խորին երախտագիտությունս և հղել Ձեզ ջերմագին բարեմաղթանքներս:
Ֆրանսիայի խորհրդարանը մեկ անգամ ևս հաստատեց այն բարձր արժեքները, որոնք այնքան թանկ են ֆրանսիացիների համար:
Այս օրենքը համահունչ է Ֆրանսիայի համարմանը և այն գրվելու է արդարության համար մղվող պայքարի պատմության էջերում:
Մենք խորապես գիտակցում ենք, թե որքան երկար ու ծանր էր այդ պայքարը և ցանկանում ենք առանձնահատուկ շնորհավորել Ձեզ համամարդկային արժեքների համար մղվող պայքարում Ձեր ցուցաբերած բացառիկ արիության համար:
Մենք լիահույս ենք, որ ժողովրդավար այլ խորհրդարաններ ևս կընտրեն այս ուղին»։
Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից;










































