«Թեղուտ» ՓԲԸ տարածքում հանքի շահագործման հետևանքով ոչնչացվելու է Ք.ծ.ա. 3-5-րդ հազարամյակի Կուր-Արաքսյան շերտերը: Ոչնչացնելով պատմության կենդանի շերտերը`մենք ոչնչացնում ենք ոչ միայն պատմությունը, այլև հետագայում դրա վրա բարիք ստեղծելու հնարավորությունը: Այս մասին ահազանգեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը:
Նրա խոսքով` իրականությունն այն է, որ կառավարությունը զբոսաշրջությունը համարել է գերակա ճյուղ, սակայն այնքան էլ դա չի կարևորում: Մինչդեռ զբոսաշրջությամբ ավելի շատ գումար է հնարավոր վաստակել ու աշխատատեղեր ստեղծել, քան հանքի շահագործմամբ:
Ըստ նրա` հանքարդյունաբերությունն ստեղծում է այն խնդիրները, ինչ չի ստեղծում զբոսաշրջությունը:
«Հանքարդյունաբերական կցորդ դարձող երկիրն ինչպես է պատրաստվում դիմագրավել բնապահպանական, սոցիալ-տնտեսական, առողջապահական այն խնդիրներին, որոնք ունենում են հանքային կցորդ համարվող երկրները»,- հռետորական հարց բարձրացրեց բնապահպանը:
Նրա համոզմամբ` Թեղուտի շուրջ խնդիրը պետք է բազմակողմանի դիտարկել, քանի որ «Վալլեքս» ՓԲԸ-ին բնականաբար ձեռնտու է պետությանը շատ փոքր գումար վճարելով շահագործել ընդերքը: