Իրանական İRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը չի հրաժարվի Կասպիցի կարգավիճակի հստակեցման հարցում իր իրավունքներից: Այս մասին հայտարարել է Կասպիցի հարցերով Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մոհամեդ Մեհդի Ահունզադեն:
Վերջինս ընդգծել է, որ Կասպիցի իրավական կարգավիճակի հստակեցման ժամանակ պետք է պահպանվի արդարության սկզբունքը: Նա հավելել է, որ ներկայումս Իրանը պատրաստում է մի փաստաթղթի մշակման վրա տարվող աշխատանքները, որն ուղղված է Կասպիցի բաժանման հարցում իր իրավունքների պաշտպանությանը. «Իրանը մերձկասպյան երկրներին հակամարտության առիթ չի տա: Կասպիցի իրավական կարգավիճակի հստակեցման հարցում մերձկասպյան բոլոր երկրները պետք է ցուցաբերեն համերաշխություն»:
Հիշեցնենք, որ ներկայումս Կասպից ծովի կարգավիճակը կանոնակարգվում է 1921 թվականի փետրվարի 26-ին ՌՍՖՍՀ-ի ու Պարսկաստանի և 1940 թվականի մարտի 25-ին ԽՍՀՄ-ի ու Իրանի միջև կնքված պայմանագրերով։ Դեռևս 1970 թվականին ԽՍՀՄ նավթարդյունաբերության նախարարությունը ազգային սեկտորների հիման վրա իրականացրել է Կասպիցի բաժանման պրակտիկան: Համաձայն այդ բաժանման՝ Ադրբեջանին բաժին էր հասել Կասպից ծովի տարածքի մոտ 70.000 քառ. կմ, Թուրքմենստանին` 80.000 քառ. կմ, Ռուսաստանին` 60.000 քառ. կմ, Ղազախստանին` 105.000 քառ. կմ և Իրանին` 55.000 քառ. կմ: Ներկայումս միջին գծի սկզբունքի հաստատման դեպքում Ռուսաստանին բաժին է ընկնում Կասպիցի տարածքի 18.7%-ը, Ղազախստանին` 29.6%-ը, Ադրբեջանին` 19.5%-ը, Թուրքմենստանին` 18.4%-ը, Իրանին` 13.8%-ը:










































