Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է այն օրինագիծը, որն առնչվում է երկրի ղեկավարի՝ իր լիազորությունների ժամկետին, ապա այդ օրինագիծն ուղարկել է վարչապետական ապարատ: Դրանով իսկ Գյուլը վերջակետ է դրել իր պաշտոնավարման ժամկետի (7 կամ 5 տարի) շուրջ առաջացած վեճերին:
Օրինագծով նախատեսված է, որ Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի նախագահի պաշտոնում պաշտոնավարելու է 7 տարի՝ մինչև 2014 թվականը: Սակայն նա չի կարող վերընտրվել: Նույն օրինագծով նախկին բոլոր նախագահներին արգելվել է երկրի ղեկավարի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Աբդուլլահ Գյուլը երկրի խորհրդարանի կողմից Թուրքիայի 11-րդ նախագահ է ընտրվել 2007 թվականի օգոստոսի 28-ին: Այսուհետ, Թուրքիայի հաջորդ նախագահին ընտրելու է ժողովուրդը և ոչ թե խորհրդարանը: Նա ընտրվելու է 5 տարի ժամկետով՝ նույն ժամկետով վերընտրվելու (5+5) հնարավորությամբ՝ համաձայն 2007 թվականին իրականացված սահմանադրական ուղղումների: Թուրքական ընդդիմությունը պահանջում էր երկրում նախագահական ընտրություններ անցկացնել այս տարի, երբ կլրանար Գյուլի պաշտոնավարման 5-ամյակը:










































