Հունվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է ՆԱՏՕ Միջազգային ռազմական անձնակազմի Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ստորաբաժանման տնօրեն, գեներալ-մայոր Կառլոս Բրանկոին:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցությանն առնչվող հարցերին: Երկուստեք դրական գնահատվել են կողմերի գործընկերային հարաբերությունները Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի շրջանակներում և կարևորվել 2011թ. նոյեմբերին հաստատված ԱԳԳԾ նոր փուլի իրագործումը:
Քննարկվել են նոր ոլորտներում համագործակցության հնարավորությունները և փոխգործակցության արդյունավետության բարձրացման եղանակները:
Գեներալ-մայոր Բրանկոն, անդրադառնալով Դաշինքի կողմից ղեկավարվող գործողություններին գործընկեր երկրների ներգրավմանը, երախտագիտություն է հայտնել Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին հայկական զորախմբի բարձր մասնագիտական որակով մասնակցության հետ կապված: