Դեկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ շուքով նշվեց Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի տոնը։ Ամեն տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ս. Ստեփանոսի տոնին մեծ հանդիսավորությամբ կատարվում է սարկավագական ձեռնադրություն: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Ս. Պատարագի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը կատարեց Գևորգյան Հոգևոր Ճեմարանի 30 սաների սարկավագական ձեռնադրության արարողությունը:
Հընթացս Ս. Պատարագի` ձեռնադրող Սրբազան Հայրը հավուր պատշաճի ներկայացրեց Ս. Ստեփանոս նախասարկավագի տոնի խորհուրդն ու պատգամը` ուղղված մեր հավատավոր ժողովրդին: Այնուհետև Սրբազան հայրը, մասնավոր կերպով իր խոսքն ուղղելով նորընծա սարկավագներին, նշեց. «Սիրելի նորընծաներ, մեր օրերում ձեզանից ոչ ոք ակնկալություն չունի և չի ունենալու, որ ձեր հավատքն ու կյանքն արյան նահատակությամբ պսակեք: Այսօր` մեր ժամանակներում, պակաս է զգացվում մյուս նվիրական հեղուկի` ճակատի քրտինքի: Ձեր անհոգնաբեկ ծառայությամբ քրտինք թափեցեք և այն խառնեցեք պատմության ներկային ու ապագային: Վստահ ենք, որ պիտի դառնաք բաբախող սիրտն այն եկեղեցու, որի երակներում պիտի հոսի ձեր ծառայության և առաքինի կյանքի ազնիվ հեղուկը: Պիտի դառնաք այն հեղուկը, որը հոսելու է այն մեծ սրտի մեջ, ուր մեր Տերն է բնակվում և ձեր օրինակելի ընթացքով ու արդյունավետ գործերով պիտի ապրեք Հիսուսի հետ, Հիսուսի համար և Հիսուսի մեջ»:
Արտակ Սրբազանը խոսքի վերջում մաղթեց, որ ամենակալ Տերը նոր ստեփանոսներ ծնի մեր եկեղեցու անդաստանում և թող որ ամենազոր Փրկիչը նոր վկաներ, նվիրյալ քրտինքով կյանքը մարտիրոսությամբ կնքած զավակներ հասցնի, որպեսզի նրանց միջոցով փառավորվի ամենակալ Աստված այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն»:
Պատարագի ավարտից հետո տոնի առիթով Մայր Աթոռի բոլոր սարկավագներին Հայրապետական իր օրհնությունն ու հայրական պատգամը բաշխեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունը, խոսքն ուղղելով նոր ձեռնադրվածներին, իր մասնահատուկ շնորհավորանքը բերեց և ողջություն մաղթեց նրանց` խրատելով օրինակել Ս. Ստեփանոսի կյանքի հոգևոր սխրանքը, նրա հավատքն ու սերը, որոնց վրա պետք է խարսխված լինի հոգևորականի առաքելությունը:
Նախորդ օրը, ձեռամբ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, դպրության չորս աստիճաններ ստացան 14, իսկ ուրարակիր դարձան` 19 ճեմարանականներ: