Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Տարիներ առաջ, երբ Օկուջավային հարցրեցին` ի՞նչ կարծիքի եք մեր իշխանությունների մասին, ասաց. քանի դեռ մենք ինքներս մեզ չխոստովանենք, որ հետամնաց հասարակություն ենք, չենք կարող շտկվել: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, միայն երբեմն իմ տեսակետն եմ հայտնում որպես քաղաքացի, որոշ տգետներ ասում են`ինչո՞ւ է նա քաղաքականությամբ զբաղվում, քաղաքականությամբ զբաղվում են քաղաքական գործիչները: Հա, ինչի՞ց էի խոսում, Բուլատ Օկուջավայից, ասաց, որ մեր կառավարությունը էդ տգետ հասարակության մասն է կազմում, ի՞նչ էիք ուզում, հո հրեշտակներ չէ՞ին լինելու:
Եթե ես իմանայի ելքը որն է… ես չգիտեմ: Ինչո՞ւ են բոլորը միայն երեք հոգու մասին խոսում որպես ապագա նախագահ, ի՞նչ է, նրանք մեզ թուղթ ու գի՞ր են արել: Չկա՞ արդյոք մի նոր, երիտասարդ առաջնորդ, նոր ուղեղ չկա՞, նոր տեսակի ուղեղ, որ գա ու էս երկիրը կառավարի: Էն հները սովետական մատորով աշխատող մերսեդեսներ են, ոնց որ վոլգայի մատորը դնես մերսեդեսի մեջ ու քշես, դրանով դարձավ մերսեդե՞ս: Նոր լիդերն իսկապես պետք է սկսի սպիտակ էջից, ոչ թե ասի, որ պետք է սկսել սպիտակ էջից: Առանց արյան դա չի լինի, որովհետև գողոնը հենց այնպես ոչ ոք հետ չի տա: Բայց գոնե հասարակության համար կլինի հրաշալի ներկայացում: Ասում են` խոզին մորթում են լավ չաղանալուց հետո, թող իրենք իրար վերացնեն: Ես 20 տարի է` նույն բանն եմ ասում, վերջում մնալու են մի 4-5 մեծ, չաղ առնետներ ու սկսելու են կիսել այս առանց այդ էլ կիսված ու երկատված ու եռատված ու քառատված հանրապետությունը:
Խնամուս տունն էդ դեպուտատների գարաժների մոտ ա: Մի օր ոնց որ սև ագռավների մի խումբ` էդ յաշիկ-մերսեդեսներով ու սև ջիպերով եկան, ասեցի` էս ինչ ա եղել, որ հավաքվել են իրար գլխի, ասեցին` սա մեր դեպուտատներն են: Բոլորը սև, մեծ ու քառակուսի ջիպերով: Ջիպը դաչայի մեքենա է, քաղաքում հնարավորինս փոքր, կոմպակտ մեքենաներ են օգտագործում, որ իրար չխանգարեն: Այստեղից էլ է գալիս մեր ժողովրդի տգիտությունը: Նախ պետք է մաքրել խորհրդարանը, խլորոֆոս պետք է փչել:
Ընտրեք ինձ նախագահ, ի՞նչ է, ես մյուս երեքից պակա՞ս ապաշնորհ եմ: Ես նրանցից պակաս չեմ, նույնիսկ ավելի վատն եմ, քան նրանք: Սա կոչվում ա այկիդո: Ինձ ընտրեք, լիքը խոստումներ կտամ և բնականաբար չեմ կատարի, նրանց պես: Լևոն Տեր-Պետրոսյանն ասում ա` թույլ տվեք իմ սխալները շտկեմ, Սերժ Սարգսյանն ասում ա` սկսենք սպիտակ էջից, բայց դեռ չեմ տեսում: Սպիտակ էջն այն է, որ քո ու եղբայրներիդ առգրավածը հետ տաս ժողովրդին: Մարդ, որը կոռուպցիոն համակարգում երկար աշխատել է, ինչպե՞ս կարող է պայքարել կոռուպցիայի դեմ: Հարսներից ամեն մեկը յուրովի գեղեցիկ է՝ նախագահներին նկատի ունեմ: Իսկ ամենասարսափելին մեր լրատվությունն է, երբ ասենք Նիկարագուայում հեղափոխություն է լինում, անպայման ասում են: Բայց որ մի մեծավորի լակոտ իրեն անշնորհք է պահում, լռում են, բայց մի թաշկինակի չափ երկիր ենք, չէ՞:
Այսքան կախյալ շատ քիչ ենք եղել: Մեծ ձուկը միշտ ուտում է փոքր ձկանը: Մենք կախյալ ենք մեծ տերությունների հետախուզությունից: Ես շատ բաներում չեմ կարող մեղադրել մեր կառավարությանը, որովհետև դրսի ճնշումներ կան, բայց շատ դեպքերում կարող են էնպես անել, որ ժողովուրդը լավ ապրի ու չեն անում: Ես դրանում եմ նրանց մեղադրում, ոչ թե նրանում, որ ռուսները չթողեցին մինչև Բաքու հասնել: Քո հնարավորությունները գոնե օգտագործեիր, որ ժողովուրդը սովից չմեռներ: Ջրի վրա էնպիսի գին են դրել, որ հողերը փչանում են: Գյուղացին թող գոնե երկու տարի հարկ չմուծի, բերք ստանա, նոր պահանջի: Արդեն ուշ է ինչ-որ բան անելը: Էս երեք կառավարություններն ազգի հերն էնպես են անիծել: Քաղաքային իսկական ինտելիգենցիան թողեց-հեռացավ, հիմնականում մեր նախարարների անբարո պահվածքից:
Երեքն էլ թող գնան ու հետ չգան: Օրինակ, Արամ Կարապետյանը կուզենայի գար, նոր դեմք ա, անձամբ չեն ճանաչում, բայց ազնիվ տղա ա երևում: Բայց դա ոչ թե մեզնից ա կախված, այլ ռուսական հետախուզությունից: Իմ կարծիքով, Սերժ Սարգսյանին ռուսն ա բերել: Խոսում էին, որ 500 հազար անձնագիր ա կեղծվել: Հետո շատ խորհրդավոր պայմաններում սպանվեց Ոստիկանության պետի տեղակալը և սպանողին չգտան: Առհասարակ, Ղանդիլյանի սպանությունից մինչ հիմա, ահռելի քանակությամբ քաղաքական սպանություններ են եղել ու չեն բացահայտվել: Խորհրդավոր մարդասպաններ են: Երեք կառավարություններն էլ կրիմինալ են:
Լուսանկարը` Լևոն Բարսեղյանի





































