Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան Անտարկտիդայի մի մասը համարում է Չիլիի տարածք` հիշեցնելով, որ այն գրանցված է ազգային օրենսգրքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մենք մտադիր ենք Չիլի ներկայությունը առաջ քաշել Անտարկտիդա մայրցամաքում, ոչ միայն շրջագծում, այլ նաև Անտարկտիդայի ներքին շրջաններում… Այն մեզ թույլ կտա ամրապնդել դիրքերը այդ մայրցամաքի նկատմամբ, որի մի հատվածը, համաձայն մեր օրենսգրքի, համարվում է չիլիական տարածք»,- հայտարարել է Պիներան Չիլիիի Անտարկտիդյան «Կապիտան Արտուրո Պրատ» ռազմածովային բազայում:
Շաբաթ օրը Պիներան լրագրողներին հայտնել է Չիլիի անտարկտիդյան այլ բազաներում «Անտարկտիդայի նկատմամբ տարածքային նկրտումների մասին»:
Չիլիի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Չիլիական Անտարկտիդան զբաղեցնում է 1 միլիոն 250 հազար 257 քառակուսի մետր տարածք, և նրա սահմանները սահմանված են ԱԳՆ թիվ 1747 որոշմամբ, որը ստորագրվել է 1940 թվականին նոյեմբերի 6-ին և հրապարակվել 1955 թվականի հունվարի 21-ին»:
Նախագահը ռազմաբազայում նաև բարձրաձայնել է չորս կետից բաղկացած «երկարաժամկետ անտարկտիդյան ծրագրի» մասին:
Նշենք, որ Անտարկտիդայի վերաբերյալ գործում է 1959 թվականին կնքված միջազգային պայմանագիր, որը «սառեցրել է» տարածքային պահանջները այն բոլոր հողերի նկատմամբ, որոնք գտնվում են հարավային լայնության 60 աստիճանից հարավ: Երկու տարի առաջ այն երկարաձգվել է ևս 50 տարով: Սակայն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրալիան, Արգենտինան, ՄԵծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Ֆրանսիան և Չիլին, մայրցամաքի քարտեզի վրա նշել են իրենց հատվածները: ԱՄՆ և Չինաստանը բացահայտ տարածքային պահանջներ չեն ներկայացնում Անտարկտիդայի նկատմամբ, սակայն այնտեղ կատարում են միլիարդավոր դոլարի ներդրումներ:











































