Չինաստանը քննադատել Է ԱՄՆ-ին չինական պետական ընկերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար. ընկերությունը զբաղվում է Իրանից նավթի արտահանմամբ:
Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոյի ռուսական ծառայությունը, ԱՄՆ-ը չինական «Ժուխայ Ժանրոն» ընկերությանը ընդգրկել է այն ընկերությունների ցուցակում, որոնց հետ չի համագործակցի, պատճառաբանելով, որ նշված ընկերությունը համագործակցում է Թեհրանի հետ: Հնարավոր է՝ այս ընկերությունը համագործակցում է Իրանի հետ միջուկային զենքի ծրագիրն իրականություն դարձնելու համար:
ԱՄՆ-ը նշում է, որ 2010 թվականին ընկերությունը Իրանին տրամադրել է 500 մլն դոլար արժողության վառելիք:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Չինաստանը ԱՄՆ-ի իրականացրած որոշումից «խորը հիասթափություն է ապրել», քանի որ Չինաստանը Իրանի հետ համագործակցում է տնտեսական ոլորտում՝ ինչպես շատ այլ երկրների հետ:










































