Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Հեռախոսազրույցի ժամանակ քննարկման հիմնական թեման սիրիական, իրաքյան ու իրանական, ինչպես նաև հյուսիսաֆրիկյան վերջին զարգացումներն էին։
Էրդողանն ու Օբաման դատապարտել են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելու համար։ Նրանք քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի հարցը և միջազգային հանրության հետ Իրանի բանակցելու պատրաստակամության աստիճանը։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է այդ հարցում հանդես գալ միջնորդի դերում։
Էրդողանն ու Օբաման կարևորել են Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում ժողովրդավարության հաստատումը։








































