Վաշինգտոնյան Foreign Policy պարբերականը վստահեցնում է, որ «Մոսադի» գործակալները, օգտագործելով ամերիկյան փաստաթղթեր, իրենց ներկայացնում էին ԿՀՎ գործակալներ` սուննիական ծայրահեղական «Ջունդալլահ» («Ալլահի զինվորներ») կազմակերպության զինյալներին հավաքագրելու համար, որոնք 2007-2008 թվականներին ահաբեկչություններ էին կազմակերպել Իրանում:
«Ջունդալլահը» սուննիական ծայրահեղական խմբավորում է, որը գտնվում է Պակիստանում: Նրա անդամները բազմիցս ահաբեկչություններ են կազմակերպել Իրանում, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: ԱՄՆ-ում կտրականապես ագելված է կապ հաստատել այս խմբավորման անդամների հետ:
«Պարզապես զարմանալի է հայտնաբերել, որ իսրայելցիները հնարավոր են համարել իրենց թույլ տալ այս ամենը»,- ասել է ԱՄՆ հետախուզության աղբյուրը: – Նրանք հավաքագրմամբ զբաղվել են գրեթե բացահայտ, և դատելով ամեն ինչից՝ նրանց ընդհանրապես չի հետաքրքրել, թե մենք ինչ ենք մտածում դրա մասին»:
Լրագրող Մարկ Փերիի հոդվածում, որը հրապարակվել է հունվարի 13-ին՝ պարբերականի կայքում, ներկայացվում է, որ «Մոսադի» գործողություններն առաջացրել են ԿՀՎ շատ աշխատակիցների վրդովմունքը:
«Մենք Իսրայելի հետ համագործակցում ենք տեղեկությունների հավաքման բնագավառում, որը վերաբերում է Իրանին: Սակայն մենք չենք զբաղվում Իրանի պաշտոնական աձնանց ոչնչացմամբ և խաղաղ բնակիչների սպանությամբ»,- ասել է նույն աղբյուրը:
Հոդվածում նաև նշվում է, որ Բարաք Օբամայի իշխանության գալուց հետո իսրայելական և ամերիկյան հետախուզության համագործակցությունը զգալիորեն կրճատվել է, որը միանշանակ արձագանք չի ստացել ԿՀՎ-ում:











































