Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ձերբակալման վտանգի տակ է հայտնվել Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի ևս մեկ նախկին պետ։ Խոսքը 25-րդ Գլխավոր շտաբի նախկին պետ Յաշար Բույուքանըթի մասին է, ով այդ պաշտոնն զբաղեցրել է 31.07.2006 – 30.08.2008 ժամանակահատվածում։
Օրեր առաջ կալանքի տակ վերցված Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին (26-րդ, 2008-2010) պետ Իլքեր Բաշբուղը, ով մեղադրվում է հակակառավարական քարոզչությամբ զբաղվող ինտերնետային կայքեր ստեղծելու և դրանով իսկ հանցավոր խմբավորում ձևավորելու մեջ, իր 4 էջանոց պաշտպանական զեկույցում հայտարարել է, որ այդ կայքերը ստեղծվել են իր պաշտոնավարման ժամկետից առաջ՝ ընդգծելով, որ ինքը ոչինչ չի իմացել դրանց գոյության մասին։
Դրանով իսկ նա անուղղակիորեն մատնացույց է արել իր նախորդ Յաշար Բույուքանըթին։
Հիշեցնենք, որ Սիլիվրիի բանտ ուղարկվելուց հետո Բաշբուղը հայտարարել էր, եթե իսկապես ցանկանար հեղաշրջում անել երկրում, ապա դրա համար չէր ստեղծի 1-2 ինտերնետային կայք, քանի որ իր տրամադրության տակ առկա էր 700,000 զինծառայող։







































