Ֆրանսիայի Բոբինի քաղաքի դատարանը Air France–ին նշանակել է 146 հազար եվրոյի տուգանք այն բանի համար, որ 2006 թվականին ուղևորներից մեկը Բորդո-Փարիզ չվերթի ժամանակ սուրճից թունավորվել ու տեղափոխվել է հիվանդանոց:
Ֆրանսիայի քաղաքացի Մարկ-Ֆրեդեն Նիազերան վայրէջք կատարելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատել են նրա կերակրափողը: Ապա վերջինս դատի է տվել Air France ընկերությանը և մեղադրել, որ սուրճի մեջ եղել է նյութ, որն օգտագործում են խողովակներ մաքրելու համար:
Ինչպես գրում է РИА Новости-ն, 2010 թվականին գործը փակվել է, քանի որ չեն կարողացել ապացուցել ընկերության մեղքը: Սակայն քաղաքացին շարունակել է իր բողոքը՝ պահանջելով 680 եվրոյի փոխհատուցում:
Ի վերջո ֆրանսիացուն հաջողվել է ապացուցել իր իրավացիությունը, և այժմ դատարանը 146 հազար եվրոյի տուգանք է նշանակել ընկերությանը:











































