Ամերիկյան The New York Times թերթը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմում ունեցած իր աղբյուրը, հայտնում է, որ ԱՄՆ-ը գաղտնի խողովակներ է օգտագործել՝ Իրանին Հորմուզի նեղուցը փակելուց հետ պահելու համար։ Դրանց միջոցով ԱՄՆ-ը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին զգուշացրել է ամերիկյան կողմի պատասխան արձագանքի մասին։
Թերթը վկայում է, որ խոսքը չի վերաբերում Շվեյցարիայի միջոցով շփումներին, որն ԱՄՆ-ի ու Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Իրանում ներկայացնում է ԱՄՆ շահերը։
Հիշեցնենք, որ ներկայումս Արաբական ծովում է գտնվում ամերիկյան Carl Vinson ատոմային ավիակիրը, իսկ ամերիկյան մեկ այլ՝ Abraham Lincoln, ավիակիրը շարժվում է նրա ուղղությամբ։ Բացի այդ, Մեծ Բրիտանիան իր լավագույն Daring էսկադրոնային ականակիրն ուղարկել է Հորմուզի նեղուցի շրջան։










































