Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անակնկալ այցով ժամանել է Ստամբուլ, ուր և հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ։ Նրանք դիմավորել են սոմալեցի ծովահենների մոտ 16-ամսյա գերեվարությունից վերադարձող նավաստիներին, որոնցից 15-ը վրացիներ են, իսկ 3-ը՝ թուրքեր։
Նշվում է, որ 2010 թվականի սեպտեմբերի 8-ին Մալթայի դրոշի տակ նավարկող հունական ընկերությանը պատկանող MV Olib-G նավով երթևեկող նավաստիները Հնդկաստան մեկնելու ճանապարհին գերեվարվել էին սոմալեցի ծովահենների կողմից և ազատ են արձակվել միայն այս տարվա հունվարի 8-ին։
Նավաստիներին դիմավորելուց հետո Էրդողանն ու Սաակաշվիլին համատեղ մամլո ասուլիս են տվել, որի ժամանակ Սաակաշվիլին իր ողջույնի խոսքը հղել է թուրքերենով։