Իսրայելական Yediot Achronot թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի գլխավոր դատախազը հրահանգել է դադարեցնել 2010 թվականի մայիսի 31-ին դեպի Գազա ուղևորվող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա գրոհած իսրայելցի զինծառայողների նկատմամբ ամեն տիպի դատական քաշքշուկները։ Այս մասին հայտնում են ԱՄՆ պետդեպարտամենտի աղբյուրները։
Վերջիններս նշում են, թե թուրք դատախազները հրաման են ստացել հետ վերցնել թուրքական նավի վրա իրականացված հարձակմանն անմիջականորեն մասնակցած իսրայելցի զինծառայողների դեմ բոլոր գործերը։
Նշվում է, որ այս ամենը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի գործադրած ջանքերի շնորհիվ, որոնք միտված են Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Հիշեցնենք, որ «Մավի Մարմարա»-ի միջադեպի արդյունքում զոհվել էին Թուրքիայի 9 քաղաքացիներ։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դա որակել էր որպես «թուրքական սեպտեմբերի 11»՝ ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր հերթին Իսրայելին անվանել էր «ծովահեն»։










































