Հունաստանի՝ եվրոգոտուց դուրս գալը կարող է հանգեցնել մեծածավալ աղետի, որը կուղեկցվի սոցիալական անկարգություններով, ռեկորդային ինֆլյացիայով և ռազմական հեղաշրջումով: Այսպիսի կարծիք են հայտնել բրիտանական Toscafund հեջ-ֆոնդի վերլուծաբանները:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, մասնագետները համոզված են, որ եթե Հունաստանը դուրս գա եվրոգոտուց, ապա հնարավոր չի լինի անմիջապես ներդնել նոր արժույթ, իսկ հապաղումը կարող է հանգեցնել բանկերից ավանդների դուրսբերմանը:
Բացի այդ, վերլուծաբանները կանխատեսում են հիպերինֆլյացիա, զանգվածային արտագաղթ և ֆինանսական շուկաներից Հունաստանի մեկուսացում: «Ինֆլյացիան այս դեպքում իր տեմպերով կարող է հիշեցնել այն, ինչ մենք տեսնում ենք Զիմբաբվեում: Հետագայում գնալով ավելի շատ մարդիկ, որոնք ի վիճակի չեն լինի լքել երկիրը, կընկնեն աղքատության մեջ, կսկսվեն անկարգություններ»,- ասել է փորձագետներից մեկը:
Հարկ է նշել, որ հունվարի 9-ին Բեռլինում կայացած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպումից հետո Եվրոպայի առաջնորդները հերթական անգամ կոչ արեցին Հունաստանին ձեռնարկել անհրաժեշ բոլոր միջոցները՝ միջազգային վարկատուների հետ պայմանավորվածությունը պահելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում զրկել նրան ֆինանսական օգնությունից:
Բացի այդ, Մերկելը և Սարկոզին հայտարարել էին, որ իրենք հնարավոր անմեն բան կանեն Հունաստանին եվրոգոտում պահելու համար:









































