Ֆրանսիայի ընտանեկան հարցերով զբաղվող դատարանը թույլ է տվել ամուսնական զույգին իրենց երեխային անվանել Դեմոն (Սատանա) «Վամպիրի օրագիրը» հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկի` Դեյմոն Սալվատորի (Damon Salvatore) պատվին: Դատարանը մերժել է տեղի դատախազության հայցը, որը պահանջում էր արգելել զույգին նորածին որդուն անվանել Դեմոն:
Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, Լիոնել և Բլանդեն Դեֆոնտեները «Վամպիրի օրագիրը» սերիալի երկրպագուն են, այդ պատճառով որոշել են իրենց նորածնին անվանել սիրելի սերիալի հերոսներից մեկի պատվին` անվան անգլիալեզու տարբերակում ավելացնելով «ե» տառը (Daemon), որպեսզի այն «ճիշտ» հնչի (եթե տառը չավելանար, ապա երեխայի անունը կլիներ Դամոն):
Ծնողների ընտրությունը շփոթություն է առաջացրել անունների գրանցման վարչության աշխատակիցների մոտ, որոնց դիմել էր Դեֆոնտե ընտանիքը` երեխայի ծննդյան վկայականը ձևակերպելու համար: Վարչության աշխատակիցները հայտարարել են, որ անունն անբարեհունչ է և հակասում է նորածնի շահերին:
Դրանից հետո Դեֆոնտեները դիմել են դատարան` հայտարարելով, որ իրենց պարզապես դուր է գալիս Դեմոնի հնչողությունը, և անվան մեջ ոչ մի առեղծվածային իմաստ չեն տեսնում:








































