Նյու Յորքի հրեական համայնքի մի քանի ականավոր ներկայացուցիչներ միաժամանակ քննադատել են Բրուքլինի Մանհեթեն պողոտայում Bejeweled բիժուտերիայի խանութի սեփականատերերին:
Ինչպես հայտնում է runyweb.com-ը, նրանց դժգոհության պատճառը սվաստիկայի տեսքով ականջօղերն էին, որոնք այս խանութում վաճառվում են որպես «Տիբեթի բուդդիստների կրոնում հարատևության խորհրդանիշ»: Խանութի մենեջեր Յանգ Կիմի խոսքերով, ականջօղերը ոչ մի կապ չունեն նացիզմի հետ և մատակարարվում են Հնդկաստանից:
Նյու Յորքի Մանհեթենի շրջանի ղեկավար Սքոթ Սթրինգերը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «սվաստիկան չի կարող մոդայիկ աքսեսուար լինել: Այն ամենաատելի խորհրդանիշն է մեր մշակույթում, որը վիրավորում է ցանկացած քաղաքակիրթ մարդու»:
Նրան աջակցել է ծագումով հրեա մեկ այլ նյույորքցի՝ Սթիվ Լևինը: «Հարկ է, որ նրանք (խանութի տերերը) ավելի զգայուն վերաբերվեն այն հանգամանքին, թե ինչ է սվաստիկան նշանակում ամբողջ աշխարհի հրեաների համար»,- ասել է նա:
Ականջօղերը վաճառվում են վեց դոլարով: Դրանք, ճիշտ է, սվաստիկայի տեսք ունեն, սակայն ճառագայթները թեքվում են ոչ թե ժամանակի սլաքի ուղղությամբ, ինչպես նացիստների մոտ, այլ հակառակ:
Սվաստիկան նախքան նացիստների խորհրդանիշի վերածվելը տարբեր մշակույթներում խորհրդանշում էր արևը և անվերջությունը: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է բուդդիզմում և հինդուիզմում:










































