«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Արին Կապիտալ» ընկերության նախագահ էդմոն Խուդյանը:
– Մեր վերջին հանդիպումից 6 ամիս է անցել, և ձեր փաստաբանները շարունակում են պայքարել Հայաստանում արդարադատության հասնելու այն գիտակցումով, որ Հայաստանում կատարած Ձեր ներդրումներն ու ջանքերը` ուղղված Հայաստանի զարգացմանը, ապարդյուն չանցնեն, և այն մարդիկ, ովքեր կանգնած են խարդախությունների և հովանավորչության ետևում, ի վերջո պատասխան տան: Այս վեց ամիսների ընթացքում ինչպիսի՞ զարգացումներ են եղել:
– Նախ` կայացվում են միակողմանի դատական որոշումներ` հօգուտ մասնակիցների, սնանկության գործով կառավարչի, և բացահայտ անտեսվում են մեր ներկայացրած փաստերը, որոնք արձանագրում են թալան իրականացնելու մանրամասները: Միևնույն ժամանակ դիմում ենք դատախազություն, նաև ՊԵԿ-ի պատասխանատու անձանց` նորից ներկայացնելով այն, ինչը մինչ օրս շարունակվում է, այսինքն` ընկերության ակտիվները տանելու, մարելու ուղղությամբ դեռևս փորձում են կատարել ոտնձգություններ, և ցավոք, և՛ դատախազությունը, և՛ ՊԵԿ-ը ոչինչ չեն ձեռնարկում: Մեկ տարի է անցել իմ դիմումից և նույնիսկ ընկերության տնօրենին կամ մասնակիցներին` Վլադ Մանգասարյանին, Ղևոնդ Ղալումյանին չեն կանչել հարցաքննության:
– Պարոն Խուդյան, ո՞ր թվականին որոշեցիք գալ Հայաստան, ո՞ւմ հորդորով եկաք և ինչո՞ւ նման խոշոր և ռիսկային ներդրում կատարեցիք Հայաստանում:
-2003 թվականից սկսած` հրավիրվում եմ Համահայկական խաղերին, այդ ընթացքում իմ ընկերների միջոցով ծանոթացա Վլադ Մանգասարյանի, Լևոն Սարգսյանի հետ, և այդպես մեզ մոտ սկսվեցին ընկերական և գործնական հարաբերություններ: 2005 թվականին` Լևոն Սարգսյանի խնդրանքով, ես արդեն կատարեցի իմ առաջին ներդրումը, որը միանգամայն կիրառելի էր: Ինձ առաջարկվում էր մի գործարք, որը հնարավոր էր իրականացնել, և որը կարող էր հաջողություն ունենալ: Ցավոք, այդպես չեղավ, և սկսած 2010 թվականից` արդեն ակնհայտ էր, որ ընկերության ակտիվները թալանվում էին, ընկերության վրա խոշոր չափի վարկեր բեռնվեցին: Թեև մենք ունենք բավականաչափ փաստեր, միևնույն է` դատախազության բարձրաստիճան պաշտոնյաները դրանք անտեսում են և ոչինչ չեն ուզում անել: Ընկերությանը պատճառվել է 7 միլիոն դոլարի վնաս, որից առնվազն 1 միլիոն դոլարը` պետական հարկ վճարելու պարտավորություն, և դա այն ժամանակ, երբ ընկերությունը պատկան մարմինների կողմից եղել է արգելանքի տակ: Իմ գործընկերներին հաջողվել է արգելանքը վերացնել և ընկերությունից շատ մեծ կտորներ միանգամից վաճառել:
– Պարոն Խուդյան, վաճառել ասելով նկատի ունեք այն մարդկա՞նց, որոնք ի վերջո` այս ամենի հետևում են կանգնած և Ձեր գործընկերները լինելով` այնուամենայնիվ, իրենց գործընկերային պարտավորությունները մինչև վերջ չեն կատարել և թալանել են: Ըստ Ձեզ` ֆինանսատնտեսական ճգնաժամը ի՞նչ ազդեցություն ունեցավ այս գործի վրա. Ձեր հակառակորդները պնդում են, որ այն համընկավ 2008-2009 թվականի ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամի ժամանակաշրջանին, որի հետևանքները շոշափելի էին նաև Հայաստանում, և այս ամենը բնական էր:
– Դեռևս 2005 թվականին, երբ ես զգացի, որ պետք է դառնամ այս շինարարության լիարժեք մասնակից, որովհետև այլընտրանք չունեի, ես սկսեցի, և շուկան այդ ժամանակ միանգամայն նպաստավոր էր:
-2003 թվականին, երբ Դուք մտնում էիք այս գործի մեջ, մտադիր էիք գործը ավարտել 2006 թվականին:
– Սկզբում ես գնել եմ 4 հարկանի շենք, վերանորոգել և վաճառել, այնուհետև, քանի որ երկու տարածք էին ուզում կառուցել, Լևոն Սարգսյանը ինձ խնդրեց ներդրում կատարել: Նա ինձ ապահովեց այդ ելքով, և չնայած իր հետ չի կնքվել պայմանագիրը, բայց ինքը տեղյակ էր մանրամասներին: Նրա առաջարկությանը կամ պահանջին համաձայնվելուց հետո ես մինչև 2006 թվականի մայիսը պետք է ավարտեի իմ գործունեությունը: 2005- 2006 թվականներին ճգնաժամ չկար, այն Հայաստանում սկսվեց 2008 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Մենք 2005 թվականին նույնիսկ համաձայն էինք շարունակել և լիարժեք շինարարություն իրականացնել, մանավանդ` շուկան լրիվ նպաստավոր էր, սակայն այն հետաձգվեց, իսկ դրա մեղավորը միանշանակ իրենք էին: Մենք ակնկալում էինք 7.5 միլիոնի շահ: Երբ ճգնաժամը վրա հասավ, մեզ մոտ շենքի մոտավորապես 65 տոկոսը վաճառված էր, ընդ որում` 60 տոկոսը վաճառված էր թանկ գնով, և ճգնաժամը մեզ վրա ազդել է միայն 35-40 տոկոսով: Այսինքն` գնորդը գնել է այն գումարով, որ մենք ունեցել ենք 1.5- 2 միլիոն դոլարի պակաս շահ: Իմ գործընկերները` տեսնելով, որ ես հեռու եմ, մտածել են, թե կարող են իմ գումարն էլ, շահն էլ գրպանել, որին ես ստիպված եմ եղել համաձայնել, որովհետև չէի ուզում պատերազմել, գիտեի, թե ինչ է նշանակում պատերազմել Հայաստանում, բայց չէի պատկերացնում, որ այդքան անօրինականություն է տիրում, դատական համակարգը չի գործում, ասում են` մեկ բան, իրականացնում` հակառակը: Իմ գործում կան բացահայտ խարդախության ամենազորավոր փաստերը, ըստ որոնց` իշխանությունները նպաստում են, որպեսզի նրանք իրենց խարդախությունը ավարտին հասցնեն:
– Քանի՞ մարդ է Ձեր միջնորդությամբ, Ձեզ վստահելով և Ձեր հորդորով Հայաստանում ներդրում կատարել:
– Մոտավորապես 17 հոգի: Քանի որ մինչև 2007 թվականի հոկտեմբեր ամիսը շենքի սեփականատերը միայն էդմոն Խուդյանն էր, այն ժամանակ նախնական առուվաճառքով կնքված պայմանագրերի համար միայն ես էի կրում պատասխանատվություն: 2010 թվականին արդեն էդմոն Խուդյանը շենքը ներդնում է «Արին» կանոնադրական կապիտալի մեջ, և նրանց խոստումների համաձայն` ես նրանց տալիս եմ բաժնեմասեր և ընկերության տնօրեն նշանակում իմ մանկության «ընկերոջը», և 2008 թվականի վերջերից արդեն սկսվում է այն, ինչ պետք է սկսվեր: Խնդրում եմ գործընկերներիս հանդիպել, բայց բացահայտ կերպով մերժում են, թե` դու մեզ վրա փաստաբան ես բերում և այլն. ընկերս չէր համաձայնում փաստաբանին ներկայանալ: Իմ մտքով չէր էլ կարող անցնել, որ նրանք, բացի իմ գումարը թալանելուց, կփորձեն նաև այն մարդկանց տարածքները յուրացնել:
–Այսինքն` կրկնակի վաճա՞ռք է կատարվել, նույն բնակարանը վաճառվել է նաև մեկ ա՞յլ մարդու:
-Բոլոր սփյուռքահայերի նախնական առուվաճառքով կնքված պայմանագրերը հաշվապահությունից անհետացրել են: Այսինքն` էդմոն Խուդյանը շենքը դնում է ընկերության մեջ և ներկայացնում է իրեն քաջատեղյակ յուրաքանչյուր գնորդի բալանսը: Ես լավ գիտեի, որ եթե 1000 դոլարի կամ 10 հազար դոլարի իմ կողմից ինչ-որ վրիպում լիներ, դա ինձ վրա շատ ծանր կարող էր նստել, և պետք է չափազանց զգույշ լինել:
– Ըստ էության ոչ միայն Դուք եք խաբված, այլև այն մարդիկ, ովքեր ևս որոշել են Հայաստանում ներդրում կատարել: Այդ մարդկանց Դուք հույս եք տվել, որ Հայաստանում իրենց կատարած ներդրումը կարող է արդարացված լինել և կարող են շահեկանորեն դուրս գալ: Փաստորեն այդ մարդիկ ևս լուրջ կասկածանք ունեն ընդհանրապես Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակահարմարության առումով` մինչև այս գործը չավարտվի: Սփյուռքահայ ներդրողների նկատմամբ այս հետևողական, ընդգծված, նրանց Հայաստանում թալանելու, կեղեքելու և նրանց համար միայն փախուստի ճամփան ցույց տալու քաղաքականությունը որտեղի՞ց սկսվեց, ի՞նչ եք կարծում` սա ինչ մակարդակներում մշակված քաղաքականություն է: Արդյոք այդ քաղաքականությունը հովանավորվում է իշխանությա՞ն կողմից: Դուք տալիս եք Սերժ Սարգսյանի եղբոր` Լևոն Սարգսյանի անունը, բայց ես կասկածում եմ, որ Սերժ Սարգսյանը տեղյակ է այս գործից և որևէ կերպ չի նպաստում գործի առաջընթացին:
– Ես երկու անգամ դիմել եմ նախագահին, չեմ կարծում, որ նա գիտի, գուցե չգիտի, չի հետաքրքրվում: Ինչո՞ւ պետք է նախագահը նման բաներից տեղյակ լինի, ինչո՞ւ ես պետք է դիմեմ նախագահին: Այսինքն` ստիպված ես դիմել, երբ տեսնում ես, որ առկա է բացահայտ կազմակերպված հանցագործություն:
-Եթե Լևոն Սարգսյանը չխնդրեր Ձեզ ներդրումներ կատարել, Դուք տուրք տալով Ձեր ընկերական հարաբերություններին, կշարունակեի՞ք:
– Երբ ես 2004 թվականին շենք էի գնել այնտեղ, իրենք այդ շենքը դիտավորյալ և առանց իմ իմացության քանդել էին, որպեսզի երկու սփյուռքահայերի շենքերը և տարածքները միացնեն միմյանց. մեկը ես էի, մյուսն էլ Փառեմն էր` Սիրիայից, որին Լևոն Սարգսյանն էր բերել: Նա սկսում է բողոքել, թե չի ուզում այլևս մեզ հետ համագործակցել և պահանջում է վերադարձնել իր ներդրումը: Իմ հարաբերությունները Վլադ Մանգասարյանի հետ արդեն ահավոր էին, մենք իրար հետ ոչինչ չէինք շարունակելու:
-Ըստ էության Լևոն Սարգսյանը նաև հաշտարար էր Ձեր և Վլադ Մանգասարյանի միջև, և նա էր հովանավորում ընդհանուր գործարքները: Եթե Լևոն Սարգսյանը չլիներ Սերժ Սարգսյանի եղբայրը, դուք նաև չէիք հավատա, որ Հայաստանում հնարավոր էր ընդհանրապես ներդրում կատարել, ուստի կարո՞ղ ենք ասել, որ այս գործարքի հիմնական դերակատարը Լևոն Սարգսյանն է:
-Ես գտնում եմ, որ Լևոն Սարգսյանը մաս է կազմել գործի և սկզբին, և ընթացքին, և ավարտին, որովհետև 2010 թվականի հոկտեմբերին մեր միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ ես խնդրում եմ, պահանջում, հայտնում, որ թալան է տեղի ունեցել, իսկ նա ինձ հորդորում է` Հայաստան արի և ապացուցիր, այլապես քեզ ենք պատժելու: Վլադն ասում է` ապացուցիր, և մեղավորը կպատժվի: Ես գնում եմ Հայաստան, ինքը մատնանշում է աուդիտական ընկերություն, որը մոտ երկու ամիս 10 օր աշխատել է, և իր մատնանշած աուդիտը ներկայացվում է մեզ բոլորիս, որտեղ ցույց են տրվում արդյունքները, և ասվում` սա ճիշտ աուդիտն է:
-Լևոն Սարգսյանի մատնանշած աուդիտորական ընկերությունը հօգուտ Ձեզ ստուգումներ է անցկացրել և պարզել այն խարդախությունները, որոնք արվել են Վլադ Մանգասարյանի կողմից:
-Բայց հաջորդ հեռախոսազանգից ես վստահ էի արդեն, որ ինքը շատ լավ տեղյակ է, և կասկած չունեի, որ ինչ-որ բան կփոխվի: Նա հրաժարվեց մասնակցելուց, ասաց` գնա, ինչ ուզում ես` արա:
– Լևոն Սարգսյանը, մասնակցելով այս ամբողջ գործընթացիին, ինչ-որ շահագրգռվածություն ունե՞ր:
– Իհարկե` ուներ: Ամիսներ առաջ նա նույնիսկ 300 մետր տարածք է ստացել շենքի ամենաբարձր` 13-րդ հարկում, և վերջերս պարզել եմ, որ դա 500 մետր է:
-Այսինքն` Մաշտոցի պողոտայում Լևոն Սարգսյանը, օգտվելով Ձեր ներդրումներից և այդ շենքը ոտքի հանելով, ներդրող 17 մարդկանց ունեցվածքը, նրանց կատարած ներդրումները թալանելով, փաստորեն այդ նույն շենքից ձեռք է գցել 500 ք/մ տարածքով բնակարան:
-Թալանել են բացահայտ, փաստացի: Թալանել են Վլադ Մանգասարյանը, Լևոն Սարգսյանը, Ղևոնդ Ադումյանը:
– Բայց Դուք հասկանում եք, որ այսօր Հայաստանում այդ արդարությունը հնարավոր չէ վերականգնել, և այս հանդիպումը մի խնդիր ունի` դիմել Հայաստանի պատկան մարմիններին, անձամբ Սերժ Սարգսյանին, որպեսզի իր անունով գործված խարդախությանը վերջ տրվի:
-Շենքում հիմա այնպիսի գործարքներ են իրականացնում, որոնք բարձր են սովորական բիզնեսմենի, գործառուի հնարավորություններից: Օրինակ` շենքի 5 հարկանի տարածքը ընկերությունից կողոպտել են: Երբ ամբողջ շենքը ՊԵԿ-ի կամ դատախազության արգելանքի տակ էր, ես ուրախ էի (մանավանդ, որ 103 միլիոն պարտք ունեինք), որովհետև վստահ էի, որ պետությունը դատական կարգով կպարզի ամեն ինչ: Սակայն նրանց հաջողվեց ՊԵԿ-ի հետ ընդհանուր հայտարարի գալ, արգելանքը վերացնել և 1708 ք/մ-ը վաճառել:
–Դուք դիմել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին, գլխավոր դատախազությանը. ի՞նչ պատասխան եք ստացել:
-Իհարկե, դիմել եմ, պատասխանները մինչև հիմա երկուսն էին` գործը ընթացքի մեջ է, իսկ ներկայացված փաստերը հիմք չեն ակնհայտ մեղավորներին դատախազություն կանչելու: Ընկերության տնօրենը չի կանչվել: Վլադ Մանգասարյանը, որը 2009 թվականից սնանկ է և միլիոների գործարքներ է կատարել, պատասխանատվության չի ենթարկվել: Էդիկը` տնօրենը, նույնիսկ չի հարցաքննվել, ընդամենը հարցաքննվում են այն մարդիկ, որոնցից կարող են կորզել մի բան` ինձ մեղադրանք առաջադրելու համար:
-Տարածքի հետ կապված` վերջին փուլում ի՞նչ նոր զարգացուներ կան: Դուք Հայաստան չեք գալիս, բայց ակնդետ հետևում եք, թե ինչ է կատարվում Ձեր ունեցվածքի, Ձեր ընկերության հետ:
-Ես պետք է ավելացնեմ, որ հենց այդ նույն տարածքը, որի մասին խոսում էինք` 1708 քմ, դրա համար վերջերս վերցրել են 2 միլիոն 250 հազար դոլար վարկ, վարկատուն եղել է «Հայբիզնեսբանկ»-ը: Ինքս լինելով բիզնեսմեն` կարծում եմ, որ բանկը այսպիսի պարտք չէր տա, քանի որ ընդհանուր տարածքը արժե մոտավորապես 1 միլիոն 700 հազար դոլար: Թե կոնկրետ բանկը ինչքան է տվել` մենք չենք կարող իմանալ:
-Վլադ Մանգասարյանը լինելով սնանկ ճանաչված մարդ` դիմել է բանկին, որպեսզի իրեն ֆինանսավորեն:
-Նշեմ, որ վարկը իրեն անձամբ չեն տվել, իր ընկերությանն են տվել: Ինքը հայտարարություն էր արել, որ ՎՄԳ-ի ֆինանսական բոլոր գործերը ինքն է տնօրինում: ՎՄԳ-ն սարքված մի գործիք է ընկերության ակտիվները տանելու, մաշեցնելու, որովհետև մասսայական պարտքեր են ավելացրել: Փաստաթղթերը ցույց են տվել, որ վարկեր կան, և հիմա դատարանը աչք է փակում վարկերի ռեալ լինելու վրա:
-Ի՞նչ եք կարծում` ի՞նչ կկատարվի, քանզի դուք վստահ եք, որ «Հայբիզնեսբանկ»-ի կողմից տրված վարկը հնարավոր չէ սպասարկել:
-Կարծում եմ` Կենտրոնական բանկը, այսինքն` պետությունը, պետք է վճարի: Ես նամակ եմ գրել «Հայբիզնեսբանկ»-ի կառավարչին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին և դատախազությանը, առայժմ` ոչ մի արձագանք:
-Ձեր փաստաբանները այս պահին տարբեր գործերով նաև դատարանում են:
-Այդ գործերը հետաձգվում են: Մենք 2010 փետրվար ամսին գործ ենք հանձնել դատարան, բայց այն առայսօր վարույթ չի ընդունվել, որովհետև պատասխան չունեն:
-Իսկ Ձեր փաստաբանները ի՞նչ են պատասխանում, ի՞նչ են նրանք կարծում:
– Նրանց կարծիքով` այստեղ ակնհայտ միտում կա, գործը ընթացք չի ստանում, որովհետև վերևից ինչ-որ մեկը` ամենազորավոր ձևով, ազդում է այս ամենի վրա:
-Պարոն Խուդյան, Ձեր ուղերձը` այս պահին:
-Ես վերջերս փորձել եմ Սփյուռք-հայրենիք ներդրողների պաշտպանության հիմնադրամ դիմել և կարծում եմ` պետք է նպաստել այդ հիմնադրամին, որի փաստաբանները, նաև լրատվամիջոցները կբացահայտեն իմ գործում եղած բոլոր մանրամասները:
-Դուք Հայաստանում միայնակ չեք, այսօր Հայաստանում հետևողական արշավ է սկսվել սփյուռքահայ ներդրողների դեմ. Նարեկ Հարթունյանը, որն ընդամենը «Նարեկացի» արվեստի միության նախագահն էր և ոչ` բիզնեսմեն, հարկային պարտավորությունից խուսափելու համար կալանավորեցին, իսկ «Փարիզյան սուրճի» սեփականատեր Վալերի Աշխեն-Գործունյանը նույն ՊԵԿ-ի հետ ունեցած հարաբերությունների պատճառով ուղղակի ստիպված եղավ լքել Հայաստանը: Կբացատրե՞ք այս քաղաքականության պատճառը, ի վերջո` Հայաստանը մի երկիր է, որտեղ ներդրումների կարիքը անսահմանափակ է, և արևմտյան լուրջ ներդրումների համար Հայաստանը չի կարող շահեկան լինել, բայց հանուն հայրենասիրության` Սփյուռքի շատ ու շատ ներդրողներ պատրաստ էին Հայաստանում մեծ ներդրումներ կատարել: Այսպիսի օրինակները ցցուն վկայությունն են այն բանի, որ Հայաստանը ոչ միայն սովորական բիզնես-միջավայր չէ, այլև հետևողական քաղաքականություն է տարվում, որպեսզի ներդրումներ կատարող մարդիկ ուղղակի սնանկանան:
-Սփյուռքահայության և հայրենադարձության նկատմամբ ցուցաբերվում են բացահայտ ճնշումներ` լինի դատական, հոգեբանական, թե ընդհանրապես` մարդկային առումներով: Ես միշտ ասում եմ` խոնարհվում եմ այն սփյուռքահայերի, ներդրողների առջև, ովքեր գնացել և հաստատվել են Հայաստանում: Ամեն դեպքում` յուրաքանչյուր ձախողված ներդրողի համար ցավում եմ և չեմ կարող ասել, թե Հայաստանում հատուկ վարում են այդպիսի քաղաքականություն, որպեսզի սփյուռքահայերին կամ հայրենադարձներին վանեն, այնուհանդերձ` անկախությունը և համակարգային խնդիրները թույլ չեն տալիս, որ օրենքն իրագործվի: Ինչպե՞ս կարելի է ինձ կամ որևէ ներդրողի, գնորդների, ազնիվ մարդկանց հայրենիքից հեռացնել: Ես հայտարարում եմ և պատրաստ եմ 1 միլիոն դոլար դնել մի կողմ: Օրինակ` NPG-ին գա և աուդիտ անի, մյուս կողմն էլ թող իրավական և հաշվապահական աուդիտը ներկայացնի. եթե հանկարծ իրավական և հաշվապահական տեսակետից խարդախություններ եղել են, ուրեմն Հայաստանի իշխանությունը թող համարժեք պատասխան տա, այսինքն` ձերբակալի մարդուն, իսկ եթե ես եմ սխալվում, իմ 1 միլիոնը պատրաստ եմ վճարելու և քրեական պատասխանատվության ենթարկվելու:
-Եթե այս ամբողջ գործը ավարտվի, և Դուք մասամբ բավարարված լինեք, կշարունակե՞ք Հայաստանը դիտել որպես մի երկիր, որտեղ կարելի է մի օր նաև ներդրում կատարել:
-Իմ ամենառաջին ներդրումը Հայաստանում լինելու է Սփյուռք-Հայաստան ներդրողների պաշտպանության կենտրոնը զարգացնելը, որովհետև սփյուռքահայը, հայրենադարձը այսօր բոլորովին պաշտպանված չեն: Արդեն Սփյուռքի որոշ ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումներ կան, լինելու է մամլո ասուլիս, Վաշինգտոնից հյուրեր են սպասվում, իրենք գիտեն այս նախաձեռնության մասին: Հայաստանի իշխանությունների հորդորը, թե` Սփյուռքի նախարարություն կա… ցավում եմ, եթե Սփյուռքի նախարարությունը և նման կառույցները միայն իշխանության ազդեցության տակ են և անպաշտպան են թողնում մարդկանց: Հրանուշ Հակոբյանը ևս հայտարարել է, որ նոր գործարարները պետք է գան ու գրանցվեն: Ես հայտարարում եմ, նաև` պահանջում, որ իմ գործը իշխանությունը, կառավարությունը ընդունի որպես օրինակ, դրանից սովորի, հասկանա` կոնկրետ ովքեր ինչ են կատարել: Ես կարծում եմ` դրանց ձերբակալելով, պատասխանատվության ենթարկելով կապացուցվի, որ Հայաստանում հնարավոր է հասնել արդարության, հատկապես: Գուցե ոչ հիմա, բայց ի վերջո ինձ կհաջողվի ապացուցել, որ իմ գործի մասով մասսայական հովանավորչություն է եղել:
– Այս պահին ի՞նչ եք ակնկալում:
– Ակնկալում եմ արդարություն:
-Այն ատյանները, որոնց դիմում եք, ըստ ձեզ` նրանցից որը պետք է Ձեզ արդարություն և արդարադատություն ապահովի:
– Հայաստանում դատական ընթացքը դեռևս շարունակվում է: Գործը բողոքարկվելու է նաև Եվրոդատարանում, միևնույն ժամանակ դիմում եմ սփյուռքահայ կազմակերպություններին, որոնք շատ արագ արձագանքում են: Ամեն դեպքում աշխատանքները դեռ շարունակվում են, և հաջողություններ միանշանակ լինելու են: Այն մարդիկ, ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն, անպայման ենթարկվելու են, թե ինչ կարգի` դեռ չգիտենք: Թող ների ինձ ամբողջ հայությունը, բայց ես տեսնում եմ` ինչ է կատարվում:
-Եթե հարկ լինի, Դուք պատրա՞ստ եք Հայաստանում մասնակցել պայքարի մեթոդներին, որպեսզի հնարավոր լինի հասնել արդարության:
-Իհարկե, ես հայտարարել եմ գնորդներին, ներդրում կատարողներին, որ գալիս է ժամանակը, երբ բոլորս միասին պետք է Հայաստանում հանդիպենք և մեր ձայնը բարձրացնենք:











































