Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չորեքշաբթի օրը Կուբա ժամանելուց հետո ասել է, որ Իրանը ոչ մի բան չի արել իր թշնամիների թշնամությանն արժանանալու համար:
Reuters-ը գրում է, որ նա ոչ մի բան չի ասել պայթյունի մասին, որը տեղի էր ունեցել մեկ օր առաջ Իրանում` դառնալով ատոմագետ գիտնականի մահվան պատճառ: Հիշեցնենք, որ Իրանը այդ հարձակման մեջ մեղադրում է Իսրայելին և ԱՄՆ-ին:
Ահմադինեժադը ավելի ուշ պետք է հանդիպեր նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ։ Կուբա ժամանելուց կարճ ժամանակ անց նա Հավանայի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն ասել է, որ Իրանը «պատժվում է»՝ առանց որևէ պատճառի:
Իր հայտարարության մեջ Ահմադինեժադն ասել է. «Մենք վիրավորե՞լ ենք ինչ-որ մեկին: Մենք ցանկացե՞լ ենք ինչ-որ բան, որը չպետք է ունենանք: Երբեք, երբեք: Մենք միայն ցանկացել ենք խոսել և հաստատել արդարություն»:










































