«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ուրախ է, որ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարում է՝ ՀՀԿ-ն ամեն գնով խնդիր չի դնելու հաղթել ընտրություններում, և Հրազդանում փետրվարի12-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին արդար մրցապայքար է ապահովելու: Այս մասին Զոհրաբյանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Հույս ունենաք, որ ՀՀԿ փոխնախագահի ասածները լոկ հայտարարություններ չեն մնա, այլ գործողության մեջ կիրականացվեն:Դա այն է, ինչ ուզում է մեզնից յուրաքանչյուրը: Շատ ողջունելի կլինի, եթե Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներն առաջնորդվեն ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մղումով և հարգեն ընտրողի ձայնը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նա Հրազդանում պաշտպանելու է ազատ և արդար ընտրությունները: Պետք չէ ելնել կանխավարկածից, որ ընտրություններն ազատ ու արդար չեն լինելու: Մենք իրապես հասել ենք մի սահմանագծի, ուր բոլոր քաղաքական ուժերը պետք է ժողովրդի առաջ լրջագույն պատասխանատվություն զգան: Իսկ ժողովուրդը մեկ բան է ուզում՝ որ իր քվեն հարգվի ու տեղ հասնի»:







































