ԿԸՀ-ի նախաձեռնությունը, ըստ որի` ընտրատարածքները վերաձևելու են, պայմանավորված է ընտրատարածքներում ընտրողների քանակի փոփոխությամբ: Այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը:
«Հինգ տարի է անցել, և ընտրողների թվաքանակը փոփոխության է ենթարկվել: Որոշ ընտրատարածքներում ընտրողների թիվն ավելացել է, որոշներում` նվազել»,- պարզաբանեց նա, ինչին ի պատասխան՝ ասուլիսի մյուս բանախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ որոշ ընտրատարածքներում ընտրողների թվի նվազեցումը իշխանությունների վարած «հմուտ» քաղաքականության արդյունքում ծնված արտագաղթի հետևանք է:
Արզումանյանը նաև նշեց, որ, ընտրություններից առաջ մի քանի «լավ տղաներով» նստում` որոշում են, թե ինչպես պետք է անցնեն խորհրդարան, և այդպես էլ անում են:









































