Վրացական «Կվելա սիախլե» («Բոլոր նորություններ») թերթի փոխանցմամբ` Բաթումի բնակիչները յուրօրինակ բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքում՝ բողոքելով իրենց սոցիալական ծանր դրության դեմ։ Ամանորյա տոներին նրանք էլեկտրալարերից կախել են հնամաշ կոշիկներ։ Այդ ակցիան ստացել է «Կոշիկի խռովություն» անվանումը։
Բաթումում գործող «Ծառայի՛ր Վրաստանին» հասարակական շարժման ղեկավար Մուրման Դումբաձեն հայտարարել է, որ բաթումցիների մեծ մասը չունի ամանորյա տրամադրություն, ինչի մասին վկայում է հենց այդ բողոքի ակցիան։
Վրացական թերթն ընդգծում է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաճախ է ազդարարում նորացված Բաթումում հաջող շինարարության մասին, սակայն իրականում քաղաքի բնակիչների մեծ մասի սոցիալական դրությունը չի բարելավվել։
Նշվում է, որ Բաթումի մի շարք շրջաններում ցայժմ կախված են մնում այդ հնամաշ կոշիկները։