РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնի է դարձել, որ այսօր առավոտյան Թեհրանում իր ավտոմեքենայի ռումբի պայթյունից զոհված՝ պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա Ահմադի Ռոշանը միաժամանակ զբաղեցրել է Սպահան նահանգի Նաթանզ քաղաքի ուրանի հարստացան ձեռնարկության փոխտնօրենի պաշտոնը։
Նշվում է, որ ինժեներ Ահմադի Ռոշանը 9 տարի առաջ համալսարանում ստացել է քիմիկոսի դիպլոմ և ներկայումս աշխատում էր որպես Նաթանզի ձեռնարկության կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։
Մոտոցիկլետով երթևեկող անհայտ անձը մագնիսային ռումբ է ամրացրել համալսարանի առջև կայանած նրա ավտոմեքենային, որի պայթյունից էլ զոհվել է իրանցի պրոֆեսորը։
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարին նմանատիպ սցենարով զոհվել էր Թեհրանի համալսարանի պրոֆեսոր, երկրի առաջատար ատոմագետ-գիտնականներից Մասուդ Ալի Մոհամմադին։ Վերջինս իր ավտոմեքենան նստելիս է եղել, երբ նրա կողքին պայթել է մի մոտոցիկլետ։
Նույն թվականի նոյեմբերին Թեհրանում զոհվել էր ատոմագետ Մաջիդ Շահրիանին, իսկ նրա գործընկեր, դոկտոր Ֆերեյդուն Դավանի Աբբասին և նրանց երկուսի կանայք վիրավորվել էին։ Երկու դեպքերում էլ նրանց վրա պայթուցիկ սարքավորում էին նետել մոտոցիկլետով երթևեկող անհայտ անձինք։
Այն ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դրանում մեղադրել էր Իսրայելի ու Արևմտյան երկրների հատուկ ծառայություններին։










































