Այս տարի բնապահպանության ոլորտի թիրախը պետք է լինի հանքարդյունաբերությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը`խոսելով տարվա բնապահպանական առաջնահերթությունների շուրջ:
Նա նշեց, որ հարցն ավելի համակարգային է դիտարկում, որովհետև բնապահպանական բոլոր ոլորտները շատ վատ վիճակում են, և եթե խորը դիտարկենք որևէ ոլորտ, կհասկանանք, որ շատ գործ կա անելու: «Եթե դասակարգելու լինենք, այս տարի բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների թիրախը լինելու է հանքարդյունաբերությունը»,- ասաց Արման Վերմիշյանը:
Անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին` նա ասաց, որ դրան մեծ կարևորություն չի տալիս, սակայն կարևորում է քննարկումները ՀՀ ազգային ժողովում և կառավարությունում: «Ես նախորդ տարին կբաժանեմ երկու մասի՝ մինչև Թռչկանը և Թռչկանի դեպքերից հետո: Թռչկանի դեպքերից հետո այնուամենայնիվ ակտիվություն առաջացավ թեկուզ պատգամավորների շրջանում: Ես գտնում եմ, որ դրական տեղաշարժեր եղան: Ես կարևորում եմ խնդիրների բարձրացումը և՛ Ազգային ժողովում, և՛ կառավարությունում»,- ամփոփեց բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը:











































