Իտալիայում տարեկան կտրվածքով մաֆիային բաժին է ընկնում 140 մլրդ եվրո, ստվերային շուկան զբաղեցնում է ՀՆԱ 7 տոկոսը: Այս մասին, ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, ասվում է Confesercenti ձեռնարկատերերի ասոցիացիայի պատրաստած զեկույցում, որը միավորում է ավելի քան 300 հազար մեծ և միջին մասնավոր ընկերություններ:
«Մաֆիոզ կառույցները, որոնք ամուր արմատներ ունեն ոչ մեծ մասնավոր բիզնեսի մեջ՝ խանութներից և ռեստորաններից մինչև հյուրանոցներ և առողջարաններ, իրենց տրամադրության տակ ունեն 65 մլրդ եվրոյի լիկվիդայնություն, որն ավելի շատ է, քան ցանկացած բանկի կապիտալը»,- ասվում է զեկույցում, որում նշվում է, որ «այս պահին իր ակտիվների շնորհիվ միայն մաֆիան ունի ներդրումներ կատարելու հնարավորություն, որը նրա գործունեությունը հավասարեցնում է բանկայինին»: «Դա հանգեցնում է նրան, որ անօրինական գործունեությամբ վաստակված գումարները ճգնաժամի պայմաններում, երբ այլևս ոչ ոք փող չունի, մտնում են օրինական բիզնես»,- ասվում է փաստաթղթում:
Զեկույցում նաև խոսվում է մաֆիոզ կառույցների և քաղաքական գործիչների սերտ կապերի մասին: Մաֆիայի ազդեցության ավանդական ոլորտը հարավային շրջաններից տեղափոխվել է Ապենինների կենտրոն և հյուսիս: Confesercenti-ի տվյալներով, մաֆիան ամբողջությամբ վերահսկում է մոլախաղերի շուկան, շինարարական բիզնեսը, առողջապահության, սպորտի և տրանսպորտի սեկտորները:
Իտալիայում հայտնի են 4 առավել ազդեցիկ մաֆիոզ կառույցներ՝ «Կոզա Նոստրան» Սիցիլիայում, «Նդրանգետան» Կալաբրիայի հարավային շրջաններում, «Կամորան»՝ Նեպալում և «Սակրա Կորոնա Ունիտան» Ապուլիայի հարավարևելյան շրջաններում:








































