Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն այսօր Դամասկոսի համալսարանում հանդես է եկել Սիրիայի դրությանը վերաբերող ելույթով, որում պաշտպանել է «մեծ կառավարության» գաղափարը և կոչ արել բոլոր քաղաքական ուժերին միավորվել և նպաստել քաղաքացիական երկխոսությանը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Սիրիայի նախագահը հայտարարել է, որ նոր սահմանադրության հանրաքվեն տեղի կունենա արդեն մարտին և պատրաստակամություն է հայտնել հետագայում նույնպես զիջումների գնալ:
Ասադը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը՝ նշելով, որ այդպիսի որոշում կկայացնի միայն այն դեպքում, եթե ժողովուրդը ցանկանա:
Խոսելով վերջին շրջանում մայրաքաղաքում կատարված ահաբեկչությունների մասին՝ Ասադը խոստացել է «երկաթե բռունցքով» պատասխանել ահաբեկիչներին և վերականգնել կարգուկանոնը երկրում: «Ահաբեկիչները և բոլոր նրանք, ովքեր զենք են վերցնում՝ ներում չունեն»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ մինչ այժմ ահաբեկիչների գործողություններին զոհ են գնացել երկրի անվտանգության ուժերի շուրջ 2000 աշխատակիցներ: Ասադը հերթական անգամ հերքել է իր հասցեին ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ «ոչ ոք չի հրամայել կրակել քաղաքացիների վրա»:
Սիրիայի նախագահը նաև քննադատել է Արաբական պետությունների լիգայի գործողությունները՝ հայտարարելով, որ նա ի վիճակի չէ պաշտպանել արաբական աշխարհի շահերը: «ԱՊԼ-ին վերջին 60 տարիներին չի հաջողվել պաշտպանել արաբական աշխարհի իրավունքները: Զարմանալի չէ, որ դա չի ստացվում նաև այսօր»,- ասել է նա:










































