ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունում, որի ընթացքում ներկայացվել են կառույցի կողմից 2011թ. կատարված աշխատանքները և 2012թ. ծրագրերը:
Ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրել է, որ 2011թ. ընդունվել են ոլորտին վերաբերող մի շարք կարևոր փաստաթղթեր, աշխատանքներ են իրականացվել օրենսդրության բարելավման, միջազգային համագործակցության խորացման ուղղությամբ:
Կառավարության կողմից հավանության է արժանացել «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը», ինչպես նաև հաստատվել է հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագիրը:
Փաստաթղթով նախատեսված 147 միջոցառումները (որոնցից 83-ը պետք է իրականացվի 2012թ-ին) միտված են ապահովելու 14 ուղղություններով սահմանված նպատակների իրականացումը: Տարեվերջին կառավարության կողմից հավանության է արժանացել «ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երեւույթի ուսումնասիրության եւ դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգ»-ը:
Ընդունվել են նաև «Փախստականների և ապաստանի մասին» և «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Հատկապես ակտիվ աշխատանքներ են իրականացվել Եվրամիության հետ համագործակցության ուղղությամբ: 2011թ. հոկտեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է «Շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ» համատեղ հռչակագիրը:
Նախապատրաստվել է «Հայաստանի միգրացիոն կառավարման կարողությունների ամրապնդում` Հայաստան վերադարձողների վերաինտեգրմանն աջակցման նպատակով» ծրագիրը, որը կմեկնարկի 2012թ. երկրորդ կիսամյակում և կտևի 3 տարի:
Հավանության է արժանացել ծառայության կողմից մշակված Եվրամիության «Թվինինգ» ծրագիրը, որը կմեկնարկի այս գարնանը և կտևի 27 ամիս, ծրագրի բյուջեն 1 մլն եվրո է:
Ծառայությունն սկսել է մասնակցել Սոդերկոպինգյան գործընթացին, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալու ԵՄ երկրների միգրացիայի և ապաստանի ոլորտում վարվող քաղաքականությանը եւ պրակտիկային: Հայաստանը մասնակցել է նաև Պրահյան գործընթացի շրջանակներում 2011թ. անցկացված միջոցառումներին` այդ թվում հոկտեմբերին Պոզնանում կազմակերպված միգրացիոն հարցերով նախարարական համաժողովին, որի շրջանակում անդամ երկրները քննարկում են ոլորտի հրատապ խնդիրները:
Անցած տարի նախաստորագրվել է «ՀՀ և Կատարի պետության միջև Կատարի տարածքում Հայաստանի Հանրապետության աշխատուժի օգտագործման մասին» համաձայնագիրը: Հավանության է արժանացել նաև ԱՄԷ-ի հետ նույնաբովանդակ համաձայնագիր կնքելու առաջարկը:
Տեղեկացվել է, որ տարվա ընթացքում Հայաստանում ապաստան ստանալու համար ծառայություն է դիմել 73 օտարերկրյա քաղաքացի, որից 48-ի դիմումը բավարարվել է, 7-ինը` մերժվել, 5-ինը` կասեցվել, 6-ի դիմումի քննարկումը կարճվել է, 8 դիմում գտնվում է քննարկման փուլում: «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում բնակվելու ուղեգիր է տրվել 15 ապաստան հայցողների:
Փախստականների հիմնահարցերից շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նրանց բնակապահովության խնդիրը: Դեռևս կան 1175 ընտանիքներ, որից 860-ը` Երևան քաղաքում և 315-ը` Հայաստանի տարբեր մարզերում, կառավարության կողմից 2004թ. մայիսի 20-ի թիվ 747-ն որոշմամբ համարվում են բնակապահովության առաջնահերթ ծրագրի շահառուներ:
Խնդրի լուծման նպատակով 2011թ. մայիսին Երևանում կազմակերպվել է միջազգային ներկայացուցչական համաժողով։
Անցած տարի հանրակացարանային սենյակ է հատկացվել 22 փախստական ընտանիքի: Նախորդ տարիներին զբաղեցրած տարածքները սեփականաշնորհած 15 փախստական ընտանիք ստացել է վկայագիր:
2011թ. ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 419 փախստական: Այսպիսով, 1996թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 86 հազար:
2012թ. անելիքներից կարևորվել է «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգ»- իիրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների հիմնական մասի կատարումը, ինչպես նաև գարնանը մեկնարկող Եվրամիության «Թվինինգ» ծրագիրը, որն իրականացվելու է շվեդ-լեհական կոնսորցիումի կողմից:
Ա. Գևորգյանը նկատել է, որ ծառայությունը հիմնականում իրականացրել է 2011թ. ծրագրած խնդիրները և կարևորել միգրացիոն կառավարման համակարգը ԵՄ համակարգին համապատասխանեցնելու, միջազգային համագործակցությունը խորացնելու ուղղությամբ կատարված աշխատանքները:









































