«Տոնական օրերին հանրապետությունում համաճարակային վիճակը հանգիստ է եղել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
Նրա տեղեկացմամբ` Նոր տարվա օրերին Հայաստանի ողջ տարածքում արձանագրվել է սննդային թունավորման ընդամենը 1 դեպք՝ Լոռու մարզում: «Պատճառը եղել է պահածոյացված շուշանը: Թունավորվածի վիճակն այժմ կայուն է: Ինչ վերաբերում է ալկոհոլի չարաշահման դեպքերին, ապա դրանք 15-ն էին: Սննդի չարաշահման հետևանքով մարսողական համակարգի խանգարման հատուկենտ դեպքեր են գրանցվել»,- ասաց Վանյանը:
Նա նաև նշեց, որ գրիպի և շնչառական-վիրուսային հիվանդությունների առումով առանձնապես ծանր դեպքեր այս պահի դրությամբ չեն գրանցվել: «Ավելին, անցած տարվա համեմատ՝ թոքաբորբի պատճառով կանչերի թիվը նվազել է շուրջ 50 տոկոսով»,- նկատեց պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը:
Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում Վանյանը կարևորեց նախարարության՝ ազգաբնակչությանն ուղղված համապատասխան զգուշացումներին հետևելու հանգամանքը:










































