Բնապահպանական տարվա առաջնահերթությունը Թեղուտի անտառների ազատագրումն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը` ներկայացնելով 2012 թ. բնապահպանության ոլորտի առաջնահերթությունները: Նա նշեց, որ բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների գերնպատակն է պայքարել Թեղուտի անտառներն ազատագրելու և խնդիրը համահայկական դարձնելու ուղղությամբ: Մարիամ Սուխուդյանը չի բացառում, որ պայքարում ներգրավվեն այլ ուժեր ևս, քանի որ բնապահպանները նաև արտերկրում են գործունեություն ծավալում: Նրա համոզմամբ` այսօր Թեղուտն առաջնահերթություն է, քանի որ պայթեցումները սկսվելու են արդեն իսկ երեք ամսից, այսինքն` ժամանակային առաջնահերթություն կա, նաև տարածաշրջանի ամենամեծ պոչամբարն է լինելու և առաջին անգամն է հանքարդյունաբերությունը կատարվում խիստ կուսական անտառների հաշվին:
«Եթե մեզ հաջողվի այս ծրագիրը դադարեցնել, մենք նախադեպ կստեղծենք այլ հանքերի շահագործման դեպքում: Մենք ունենք անտառ և ապագայում պոչամբար, որի թույները լցվելու են այդ շնչող բնության մեջ»,- մեկնաբանեց բնապահպանը` ճիշտ համարելով պայքարը Երևանից Թեղուտ փոխադրելը: Մ. Սուխուդյանի խոսքով` այս կերպ մարդիկ հարցի լրջությունն առավել լավ կզգան և կպատկերացնեն, նրանց պայքարը կդառնա գիտակցված և արմատական:
Խոսելով այլ խնդիրներից` Մարիամ Սուխուդյանն ընդգծեց Սյունիքի մարզի Քաջարանց և 5 գյուղերի խնդիրը: Նա ասաց, որ 600 հա` 6 գյուղ օտարվելու է Հայաստանից և տրվելու է հանքարդյունահանմանը: Այս ուղղությամբ բնապահպանները նույնպես գործունեություն են ծավալում:
«Մեր քայլը Գերմանիայի կառավարությանը բոյկոտելը կլինի: Այդ տարածքները տրվելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին, որի 60 % բաժնետերն է գերմանական Քրոնիմետ ընկերությունը: Թիրախը լինելու է Քրոնիմետ ընկերությունը»,- նշեց ակտիվիստը` հավելելով, որ բնապահպանական ակտիվիստները նաև կդիմեն ձախերին և կանաչներին:
Անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին` նա ասաց, որ շատ հարցերի լուծում չի կապում խորհրդարանական ընտրությունների հետ: «Այդ ամենը շատ ձևական է ինձ թվում: Պատգամավորներին, իհարկե, կառաջարկվի խնդիրները բարձրացնել, թող մի լավ գործով ժողովրդի աչքը մտնեն: Ես պատգամավորների հետ ոչինչ չեմ կապում: Մենք համագործակցում ենք «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ, բայց դեմ չենք, թող այլ կուսակցությունները նույնպես մի խնդրով զբաղվեն և աչքի ընկնեն: Հանքերի շահագործման դեմ արշավներ կազմակերպեն, ինչու՞ ոչ: Թող անեն, ինչու՞ են լռում, վախենո՞ւմ են շահերի բախումներից, ինչու՞ գործ չեն անում»,- նշեց Մարիամ Սուխուդյանը` հավելելով, որ կարելի է առանձին-առանձին բոլոր կուսակցություններին նամակ ուղարկել` ահազանգելով այսօրվա աղետալի վիճակի մասին և պահանջելով կոնկրետ գործողություններ:











































