Ինչպես հայտնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել ԱՄՆ մի քաղաքացու՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության համար լրտեսական գործունեություն իրականացնելու մեղադրանքով:
Ամիր Միրզաեի Հեքմաթին երկուշաբթի օրը դատապարտվել է մահվան՝ «ԿՀՎ-ի հետ կապեր ունենալու և թշնամական պետության հետ համագործակցելու համար»:
ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի վաղ պահանջել էր ազատ արձակել Հեքմաթիին՝ նշելով, որ նրան ներկայացված մեղադրանքները կեղծ են:
Հիշեցնենք, որ Իրանի պետական հեռուստատեսությունը դեկտեմբեր ամսին հեռարձակել էր մի տեսանյութ, որում ասվում էր, թե տեսանյութում ցուցադրված երիտասարդը՝ Ամիր Միրզաեի Հեքմաթին, Իրանում որպես Կենտրոնական հետախուզական վարչության լրտես է գործել: Հաղորդվում էր նաև, որ Իրանից Միացյալ Նահանգներ ներգաղթած ծնողների զավակ Հեքմաթին ծնվել է Արիզոնա նահանգում, հատուկ վերապատրաստություն է անցնել և ծառայել Իրաքում և Աֆղանստանում գտնվող ռազմակայաններում:
Տեսանյութում ցուցադրվել էր նաև Հեքմաթիի խոստովանությունն այն մասին, որ ԿՀՎ–ն իրեն Իրան է ուղարկել՝ երկրի գաղտնի ծառայություն ներթափանցելու հանձնարարությամբ։










































