Գեղագիտության ազգային կենտրոնն իր տեսակով ու որակով եզակի է: Դրա ապացույցը մեր կենտրոնում բացված ցուցադրությունն է, որի անալոգը չկա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Գեղագիտության ազգային կենտրոնի գործունեությանը, ասաց ճարտարապետ, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը:
Նրա խոսքով, Ճապոնիայի նախաձեռնությամբ Լոնդոնի օլիմպիադայի համար բոլոր երկրների երեխաները պետք է 125 մետր կտավ նկարազարդեն, ու այն նկարազարդել են նաև կենտրոնի սաները: «Հենց դրա պատճենն է ներկայում կախված մեզ մոտ: Իսկ Օլիմպիադայի ժամանակ այդ կտավները պետք է միավորվեն իրար` խորհրդանշելով երկրների միասնությունը»,- նշեց նա` ընդգծելով, որ ինքն ամեն գնով փորձում է ապացուցել, որ տաղանդավոր հայը կարող է ինքնահաստատվել Հայաստանի սահմաններում, ոչ թե երկրից դուրս:
«Հայաստանի ներսում է ծնվում լավագույնը, ինչ ծնվում է: Դրա ապացույցը մեր երեխաների արվեստի գենետիկ ընկալման մեջ է արտահայտվում: Մեր երեխաներին մրցակից չկա աշխարհում»,- նշեց նա` հակադրվելով այն մտայնությանը, որ հայ մարդն իր տաղանդը կարող է բացահայտել միայն երկրի սահմաններից դուրս:










































