Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ գալիք երեքշաբթի հրատարակվելու է մի գիրք, որտեղ զետեղված կլինեն ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի վեճերը նախագահ Բարաք Օբամայի խորհրդականների հետ: Գրքում հատկապես տեղ է գտել առաջին տիկնոջ և նախագահի խորհրդական Ռահմ Էմանուելի անհամաձայնության պատմությունը:
Ըստ գրքի հեղինակ, New York Times-ի թղթակից Ջոդի Քանթորի՝ տիկին Օբաման ենթադրում է, որ իր ամուսնու հետ պետք է աշխատի այլ թիմ. այս պատճառով էլ լարվածությունը առաջին տիկնոջ և խորհրդականների միջև ավելի է մեծացել:
The Times-ը ուրբաթ օրը իր կայքում տեղադրել էր The Obamas գրքի 3300 բառից բաղկացած կրճատ տարբերակը: Գիրքը հիմնված է 30 հարցազրույցների վրա, որոնք արվել են նախագահի ներկա և նախկին օգնականների հետ, սակայն նախագահն ու առաջին տիկինը հրաժարվել են հարցազրույցից:
Daily Mail-ը գրում է, որ Սպիտակ տունը սառը արձագանք է ցուցաբերել գրքի նկատմամբ` հայտնելով, որ հեղինակը «մեծ դրամայի է վերածել հին դեպքերը», և ավելացրել, որ նախագահական զույգը հեղինակի հետ 2009 թվականից հետո հարցազրույց չի ունեցել:









































