Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի գերագույն հրամանատարը` նախագահ Բարաք Օբաման, նախօրեին Պենտագոնում ներկայացրել է ռազմական նոր հայեցակարգը, որը ենթադրում է բանակի կրճատում, Իրաքում և Աֆղանստանում հսկայական ծախսեր պահանջող պատերազմների ավարտ և ուշադրության կենտրոնացում հետզհետե հզորացող Չինաստանի վրա։
Օբաման ասել է, որ հարկ է պահպանել մարդկության պատմության ընթացքում ամենահզոր զինված ուժերի համբավը, բայց և հաշվի առնել բյուջեի բարդ խնդիրը։
«Ես կարգադրեցի հիմնովին վերանայել և հստակեցնել մեր ռազմավարական առաջնահերթությունները այս արագ փոփոխվող աշխարհում։ Մեր ծախսերը, պաշտպանության բյուջեն պետք է ռազմավարությամբ կարգավորվեն, մենք պարտավոր ենք հիշել պատմության դասերը, չկրկնել անցյալի սխալները, որոնք թույլ ենք տվել Երկրորդ աշխարհամարտից և Վիետնամից հետո, երբ մեր Զինված ուժերը ապագայի մարտահրավերների առջև անպատրաստ էին գտնվել»,- ասել է Օբաման։
2001-ի սեպտեմբեր 11-ից հետո Միացյալ Նահանգները որդեգրել է ռազմավարություն, որի համաձայն երկրի զինված ուժերը պետք է ունակ լինեին միաժամանակ վարել երկու ցամաքային խոշոր պատերազմ և հաղթել։ Հիմա այդ դրույթը փոխվում է` ամերիկյան բանակը պետք է կարողանա հաղթել մեկ պատերազմում, աշխարհի որևէ այլ տարածաշրջանում զսպել հավանական թշնամուն և պահպանել մարդասիրական գործողությունների և հակաահաբեկչական պայքարի կարողությունը։
Բարաք Օբաման նաև նշել է, որ սուղ բյուջեի պայմաններում պետական բոլոր կառույցներն են գոտիները ձգելու, և Պենտագոնի համար այլևս բացառություն չի արվի։











































