Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ամուսինը՝ Ալեքսանդր Տիմոշենկոն, դիմել է Չեխիայի Հանրապետության իշխանություններին՝ ապաստան տրամադրելու խնդրանքով:
Այս լուրն ուրբաթ օրը հաստատել են Չեխիայի իշխանությունները։ Ըստ որոշ տվյալների՝ Ալեքսանդր Տիմոշենկոն Չեխիայում գործարար շահեր ունի:
Նշենք, որ Չեխիան մի քանի ամիս առաջ քաղաքական ապաստան էր տրամադրել Յուլյա Տիմոշենկոյի կառավարության տնտեսության նախկին նախարարին, ինչից հետո Ուկրաինայի իշխանություները, սրան ի պատասխան՝ լրտեսական գործունեություն իրականացնելու մեղադրանքով երկրից վտարել էին Չեխիայի երկու դիվանագետի:
Հիշեցնենք, որ Յուլյա Տիմոշենկոն բանտարկվել է՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին բնական գազի վերաբերյալ պայմանագիրը կնքելիս պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով, ըստ որի՝ Ուկրաինային հասցվել է 190 միլիոն դոլարի վնաս:
Ուկրաինայի նախկին վարչապետը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները՝ դրանք բացատրելով ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից քաղաքական վրեժխնդրությամբ:








































