News Georgia-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Վրաստանի արևելյան հատվածում՝ Կախեթի շրջանի Կվարելի քաղաքի մոտ, տեղի է ունեցել երկրաշարժ։ Տեղական ժամանակով ժամը 18.17-ին տեղի ունեցած այդ երկրաշարժն ունեցել է 3.7 մագնիտուդ ուժգնություն։
Նշվում է, որ տվյալ շրջանը չի համարվում սեյսմիկ գոտի, և այնտեղ երկրաշարժեր հաճախ չեն լինում։ Ընդհանրապես Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է։ Վրաստանի ամենաակտիվ սեյսմիկ շրջանը նրա արևմտյան հատվածն է։
Վրաստանում ամենաուժգին երկրաշարժը գրանցվել է 1991 թվականին և ունեցել է 7 մագնիտուդ ուժգնություն։ Այդ երկրաշարժի արդյունքում զոհվել էր մոտ 200 մարդ, փլուզվել էր մոտ 46,000 շինություն ու 1000 արդյունաբերական օբյեկտ։







































