Պարզվում է` ներկայում ավելի շատ հայ կանայք են դիմում հոգեբանների օգնությանը, քան տղամարդիկ: Պատճառն այն է, որ կա կնոջ հոգեբանություն և տղամարդու հոգեբանություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը:
Նրա խոսքով, մեզանում տղամարդն իրեն ինքնաբավ է զգում: Նա իրեն թույլ չի տալիս մտածել, թե խնդիրներ ու դժվարություններ ունի, ու դա պետք է հաղթահարի: Տղամարդիկ, ըստ հոգեբանի, ընկնում են իրենց իսկ լարած թակարդը և տեսնում, որ գնալով վատանում է իրենց վիճակը:
«Կանայք մի քիչ այլ են. ընդհակառակը` նրանք շատ են ձգտում ինքնակատարելագործման և խորը պատասխանատվություն են կրում իրենց մարմնի նկատմամբ»,- նշեց հոգեբանը` հավելելով, որ կինը ենթագիտակցորեն կարևորում է իր մարմինը նրանով, որ իր մեջ երեխա է առաջանալու, որ ինքը մայրանալու է, ու հենց դա է ստիպում նրան պատասխանատվությամբ վերաբերվել իր հոգեկան առողջությանը: